Հանրապետական ծննդատանը 8 ամսական պտուղը մահացել է․ 2 օր մահացած վիճակում երեխան մնացել է փորի մեջ
Հանրապետական ծննդատանը 8 ամսական պտուղը մահացել է․ 2 օր մահացած վիճակում երեխան մնացել է փորի մեջ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 08:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 50-ամյա Անահիտ Ղ.-ն և հայտնել, որ Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում, ժողովրդին հայտնի հանրապետական ծննդատանը իր որդու կնոջը՝ 23-ամյա Կիմա Ս.-ին նշված ծննդատան բժշկի կողմից սխալ բուժում և սխալ դեղորայք նշանակելու հետևանքով դժբախտություն է եղել:
Կիմայի ամուսնու եղբայր Հովհաննեսը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էր. «8 ամսական հղի Կիման իրա ոտքով եկել ա հիվանդանոց, մի քիչ լավ չի զգացել, սոնոգրաֆիա են արել, մասնագետն ասել է՝ պետք է հիվանդանոցում պառկես, բուժում ստանաս, որից հետո Կիման սոնոգրաֆիայի թղթով մոտեցել է իր բժշկին, ով ասել է՝ Կիմա ջան, գնա տուն, որ քեզ վատ զգաս, կգաս, լուրջ բան չկա քո հետ:
Բայց մինչև էդ՝ սոնոգրաֆիայի բժիշկն ասել է, որ շատ վատ վիճակ է: Իրենք կարող էին կեսարյան անել, 8 ամսական հղի է, էսօր- էգուց պիտի ծննդաբերի, երեխուն կարող էին կեսարյանով հանել, տալ մոր ձեռքը:
Կիման գնացել ա տուն, լսելով բժշկի խորհուրդը, գիշերը վատ է զգացել, առավոտյան եկել ա հիվանդանոց: Հիվանդանոցում ասել են որ երեխան մահացած ա արդեն:
Զանգահարել եմ Առողջապահության նախարարություն, չեն մոտեցել մեզ, զանգել եմ ոստիկանություն, հաղորդում եմ տվել, ոստիկան չի մոտեցել, ասել են՝ դուք պիտի գաք, ներկայանաք, բողոք գրեք:
Ես գնացել եմ Մաշտոցի բաժին, բողոքել եմ: 2 օր մահացած վիճակում երեխան մնացել է փորի մեջ, բժիշկներն ասում են, սպասում էինք, որ իր ուժերով ծննդաբերի, որ հետագայում կարողանա երեխա ունենա, հետո արհեստական ցավեր էին տվել, երեկվանից սպասում էին:
Հարցը էն ա, որ բժշկի անփութության պատճառով 8 ամսական հղի կնգան ծանր վիճակում ուղարկում են տուն: Հիմիկվա բժիշկը, ով սաղ գործողություններն արեց, ուրիշ հիվանդանոցից եկած բժիշկ է, ասեց, որ եթե նույն րոպեին կեսարյան անեին, երեխուն կհանեին կտային մոր ձեռքը:
Մոտենում ենք բժիշկներին, մեկը մեկի վրա է գցում, իրանց կեղտերն են ուզում փակել, լրիվ անտերություն, եկանք ընգանք էս ղաաբների ձեռքը, երեխու գլուխը կերան»:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: