Հայ մտավորականությունը պետք է հակահարված տա անգրագետ խառնամբոխին. իրավապաշտպան
Հայ մտավորականությունը պետք է հակահարված տա անգրագետ խառնամբոխին. իրավապաշտպան
Այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ նրանք, ովքեր կարող են վիրավորել մարդկանց, կոչված են խնդիրները լուծել հասարակության մեջ, իսկ մտավորականությունն անընդհատ պասիվ դերում է:
Այս մասին այսօր` փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը` հավելելով, որ հասարակության գրագետ հատվածը պետք է ավելի ակտիվ գործի եւ թույլ չտա, որպեսզի անգրագետ ցեղը կամ խառնամբոխն իր կարծիքը նույնացնի ամբողջ ժողովրդի կարծիքի հետ:
Նրա խոսքով`վերջերս նկատելի է դարձել, թե ինչպես է իշխող «Իմ քայլը» դաշինքից 17-18 մարդ անընդհատ հանդես գալիս հակասահմանադրական և ապօրինի նախաձեռնություններով, և հասարակության մտավորական հատվածը միայն արձագանքում է դրան:
Իրավապաշտպանը շեշտեց, որ երկրում որեւէ սահմանադրական ճգնաժամ չկա, սակայն կա գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ճգնաժամ, որոնք ճնշում են գործադրում դատարանների վրա:
«Ընդ որում, երբեմն դա ներկայացվում է որպես հասարակական պահանջ, ինչպես դա եղավ դատական շենքերի արգելափակման դեպքում»,- նշեց Ալավերդյանը՝ հավելելով, որ այսօր Հայաստանի համար եզակի իրավիճակ է ստեղծվել, երբ դատական համակարգը հիմնականում անկախ է գործող իշխանություններից, սակայն, ինչպես փորձն է ցույց տալիս, իշխանություններին այդպիսի դատարան պետք չէ:
Իրավապաշտպանը նաև կոչ արեց ոստիկանության պետի պաշտոնակատարին պաշտոնաթող լինել, «քանի որ երկրի ղեկավարության արկածախնդիր որոշումների իրականացման շարունակությունը կարող է խաչ քաշել նրա հետագա կարիերայի վրա»: