Հայկական Կարմիր խաչի ընկերությունը օգնություն է տրամադրում երևանցի 6000 անժառանգ տարեցների և խոցելի ընտանիքների
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը օգնություն է տրամադրում երևանցի 6000 անժառանգ տարեցների և խոցելի ընտանիքների
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ սույն թվականի սեպտեմբեր ամսին Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ֆինանսական աջակցությամբ, մարդասիրական օգնության փաթեթներ է տրամադրում Երևանում բնակվող 6000 անժառանգ տարեցների և խոցելի ընտանիքների։
Մարդասիրական օգնությունը տրամադրվում է Երևանի վարչական շրջանների հետ համագործակցությամբ։ Շահառուների ցանկերը տրամադրվել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, մարտ-սեպտեմբեր ամիսների ընթացքում, ըստ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանած պարենային ապրանքների և պաշտպանական միջոցների մեկ ամսվա համար նախատեսված նվազագույն զամբյուղի, սննդով և հիգիենիկ պարագաներով աջակցել է Քովիդ-19 համավարակով պայմանավորված առավել խոցելի մոտ 30 000 անձի՝ հանրապետության ամբողջ տարածքում, հասանելի լինելով 925 քաղաքային և գյուղական համայնքներից 792-ում։
Մարդասիրական օգնության փաթեթները Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները հասցնում են շահառուների տներ՝ այդ կերպ պաշտպանելով նրանց վարակից։ Աջակցությունը շարունակական է։
Շահառու խմբերն են․ միայնակ և անժառանգ կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, սիրիահայեր, մանկատան շրջանավարտներ, տուն ինտերնատների շահառուներ, ցուցումով մեկուսացվածներ, ինքնամեկուսացվածներ, վարակվածներ, անհայտ կորածների ընտանիքներ, ականներից տուժածներ, բազմազավակ և խոցելի ընտանիքներ։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ իր 11 մարզային, մեկ տարածաշրջանային, և 52 համայնքային մասնաճյուղերի ցանցով, փորձառու և նվիրված անձնակազմով, տարեկան կտրվածքով մոտ 3000 կամավորներով COVID-19 արձագանքի գործողություններում աջակցող կառույց է պետական մարմիններին՝ մարդասիրական ոլորտում:
ՀԿԽԸ-ն ներգրավված է ՀՀ փոխվարչապետի հովանու ներքո ստեղծված ազգային արձագանքման համակարգում և Արտակարգ դրության առաջին իսկ օրվանից Պարետատան, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ Առողջապահության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՀՀ բոլոր մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և համակարգմամբ, իրականացնում է գործառույթներ, որոնք ուղղված են խոցելի խմբերի կարիքներին համապատասխան արձագանքմանը։
Քովիդ-19 համավարակին ՀԿԽԸ արձագանքին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով․
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։
Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 100 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, Որոնում, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն: