«Հայաստանում մարդիկ կան, որոնք երազում են ադրբեջանական ագրեսիայի մասին». Կարպիս Փաշոյան
«Հայաստանում մարդիկ կան, որոնք երազում են ադրբեջանական ագրեսիայի մասին»։ Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուզում եմ մի խնդրի վրա ուշադրություն դարձնենք։ Հայտնի ուժերի կողմից վերահսկվող ու ֆինանսավորվող լրատվամիջոցների մի զգալի մասը փորձում են ժողովրդին ահաբեկել պատերազմի սպառնալիքով, իբրև թե՝ Նիկոլ Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունը հանգեցնելու է անխուսափելի բախման և Բաքվին այլ ելք չի մնալու, քան լայնամասշտաբ հարձակման անցնել։
Իհարկե, չեմ կարող ասել, Ադրբեջանը մոտ ապագայում կհարձակվի՞, թե՞ ոչ, ես Սերժ Սարգսյանի անձնական վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանը չեմ, որը Ապրիլյան պատերազմից ընդամենը երկու օր առաջ լրագրողներին հավաստիացնում էր, թե պատերազմը բացառված է։
Բայց բուն խնդիրն այդքան էլ պատերազմի մեջ չէ, այլ՝ ակնկալիքի։ Հայաստանում մարդիկ կան, որոնք երազում են ադրբեջանական ագրեսիայի մասին։ Նրանք նույնիսկ ուղղակի մեսիջներ են հղում ուժային տարբեր կենտրոններին, իսկ նպատակը վարչապետ Փաշինյանի կաբինետի ռազմաքաղաքական ջախջախումն է, որի հետևանքով հնարավոր կլինի նրան մեկուսացնել և հեռացնել իշխանությունից։
Այս ամենի մեջ դավադրություն պետք չի փնտրել, ընդամենը ուշադրություն դարձրեք իրերի և երևույթների կարգին ու ամեն ինչ պարզ կլինի։ Ի դեպ՝ ժամանակին հենց այս նույն սցենարի միջոցով փորձում էին իշխանությունից հեռացնել նաև Սերժ Սարգսյանին, բայց ինչպես տեսանք 2016թ․ Երևանն ու Ստեփանակերտը ոչ միայն չջախջախվեցին, այլ նաև հետ շպրտեցին ագրեսորին։
Իհարկե, սա շատ մեծ թեմա է, բայց սահմանփակվենք այս նախնական և հակիրճ դատողություններով։ Միայն թե արժե ավելացնել հետևյալը․ Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա ստիպված է լինելու Արցախի վերահսկողությանը հանձնել ևս մի քանի շրջաններ, որից հետո 7 շրջանների փոխարեն բանակցությունների առարկա են դառնալու արդեն 9-10 շրջաններ»: