Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին և հայ ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են թուրքական կամ ադրբեջանական հետք տեսնել։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հենց սա է փարիսեցիության ամենաուղիղ արտահայտությունը, երբ «ադրբեջանական» կամ «թուրքական» փաստարկ են օգտագործում որպես իրենց աղտեղությունը հայաստանյան հանրությունից քողարկելու միջոց։
Այս մեթոդը օգտագործողները այդ թվում արտաքին ուժերին հնարավորություն են տալիս ցանկացած առողջ դիսկուրս խափանել, ցանկացած բարեփոխում վիժեցնել և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պահել փակուղու մեջ, ինչպես այսօր է։ Հայաստանի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու արևշատությունը չցանկացող ցանկացած ուժի համար նվեր են մեր եկեղեցու սրբությունները պղծած Կտրիճ Ներսիսյանը և նրա նման վեղարավորները։
Ոմանք հանդես են գալիս Կտրիճ Ներսիսյանի պաշտպանության դիրքերից։ Ի՞նչն եք պաշտպանում, ո՞ւմ եք պաշտպանում․ սո՛ւտը, կեղծի՛քը, պղծությո՛ւնը․ այսպիսով պաշտպանում եք ինքներդ ձեզ և դուք շանս չունեք։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին և հայ ժողովրդին։ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը։
Հ․Գ․ Շատերն ուզում են հիմնավորել, թե ես նոր Կաթողիկոսի թեկնածու ունեմ։
Ցավոք, կաթողիկոսի թեկնածու չունեմ։ Կաթողիկոսի նկարագիր ունեմ․ մարդ, որը հավատում է Աստծուն, մարդ, որը Հիսուս Քրիստոսի հետևորդ է և ոչ թե խարդախ-վաշխառու, մարդ, որը ծառայում է Եկեղեցուն, բարեպաշտ հոգևորական է և ոչ թե վեղարի տակ թաքնված անառակ։ Եվ մենք ունենալո՛ւ ենք բարեպաշտ և աստվածավախ Կաթողիկոս»,- գրել է նա։