«Համատեղ կյանքի 30-ամյակին կպսակադրվենք եկեղեցում». Արամո և Էմմա
«Համատեղ կյանքի 30-ամյակին կպսակադրվենք եկեղեցում»։ Նա ծնվեց 6 ամսականում՝ 900 գրամ քաշով, սկսեց խոսել 3 տարկանում և ընտրեց արվեստի ուղին՝ դերասանություն, ջազ, երգարվեստ․․․ Այսօր այս արտիստը նշում է 52-ամյակը։ BRAVO.am-ը տարեդարձի նախօրեին անկեծ զրույց է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստներ Արամոյի եւ Էմմա Պետրոսյանի հետ։
– Շատ տրամաբանական հարցով սկսենք․ ո՞ւր եք, ինչո՞ւ հանրությունը չի տեսնում Ձեզ։
Արամո. Երկիր մոլորակի վրա, ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Երեւանում, շատ համեստ, մտածելով ապրում ենք եւ ստեղծագործում։ Փորձում ենք լավ էներգիա, լավ րոպեներ, լավ ճառագայթներ տալ մեր հանդիսատեսին։
– Բայց հանրությանն այդ ամենն այդքան էլ տեսանելի չէ:
Արամո. Գիտեք, այն թոհուբոհը, որը առկա է այսօր, իմ տեսակի մարդուն շատ է կաշկանդում: Ցանկանում եմ, որ քաղաքականությունից չխոսենք, չվիճենք, ստեղծագործենք՝ թողնելով քաղաքական վերլուծություններն ու քննարկումները։
Այնպես չէ, որ ասելիք չկա, կան նոր երգեր. 50-ամյակիս այդ երգերը երգեցի, դրանք գրել է Էմման, հետագայում պետք է ձայնագրությունների փուլ մտնեն, բայց այսօր մենք ապրում ենք մի շրջանում, որտեղ ձայնասկավառակ ասվածը չկա: Որդուս հետ խոսում եմ, ասում է՝ CD թողարկելու կարիք այլեւս չկա, փոխարենն՝ այն պետք է թվայնացնել: Հարցերը շատ են, ժամանակներն էլ այլ են:
Թատերարվեստում ստեղծագործական առումով հիմա ակտիվ փուլ ենք մտել. «Սեւ, դառը շոկոլադը» շուրջ 6 տարի է՝ բեմում է, ու դեռ կլինի: Հիմա Էմմայի մյուս պիեսի բեմադրության նախապատրաստական աշխատաննքներն են ընթանում, որը կոչվում է «Exit»:
-Տիկի՛ն Էմմա, «Սեւ, դառը շոկոլադը» մեծ հաջողություն ունեցավ: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւմ է գաղտնիքը:
Էմմա. Հասկացել եմ, որ պետք է իսկական լինել։ Իսկական պետք է լինի խոսքդ, երգդ. բոլոր տեսակի շինծու բաները կարճ կյանք ունեն, մտքերը, որոնք գալիս են եւ իրական են, պետք է գնան առաջ, քանի որ դրանք պետք են: Երբեմն նայում եմ եւ մտածում՝ արդյոք ես եմ գրել «Սեւ, դառը շոկոլադը»: Ոչ թե նրա համար, որ չեմ հիշում. ես հիշում եմ ամեն բառ, ամեն ստորակետ… Սուրեն Շահվեդյանին հաճախ էի ասում՝ միթե իրավունք ունեմ անել այս ներկայացումը, բայց հետո հասկացա՝ ես մարդ եմ, ով հավերժ փնտրում է գեղեցիկի ճանապարհը: Անկեղծությունը պետք է լինի շարժից ուժը, եւ, կարծում եմ, անկեղծությունն է, որ դարձավ ներկայացման հաջողությունը։
Արամո. «Սեւ, դառը շոկոլադը» կին-տղամարդ փոխհարաբերությունների մասին է: Շատ անգամ ներկայացումից հետո մարդիկ խոստովանում են, որ իրենց են տեսնում այս ներկայացման մեջ։ Պարզության եւ իսկական լինելու մեջ է հաջողությունը:
-Իսկ ինչի՞ մասին է լինելու «Exit»-ը։
Էմմա. Չեմ բացի չակերտներ՝ ասելով՝ ինչի մասին է, բայց կրկին բախում է, այս անգամ՝ երեք անձի շուրջ, եւ մի վայրում, որն իրականությունից դուրս է, եւ ամբողջը պիեսը բախում է անցյալի հետ։
-Իսկ գրող Էմման եւ հեղինակ-կատարող Էմման միմյանցից շա՞տ են տարբերվում։
-Բնավ չեն տարբերվում։ Ինչ խոսք, էությունս երաժիշտն է, երեւի զարմանալի հնչի, բայց ես կարող եմ ապրել առանց երաժշտության, որովհետու իմ զգայական աշխարհն է երաժշտությունը, այսինքն՝ այստեղ լսելիի եւ չլսելիի խնդիրը չէ։ Իմ ներսի երաժշտությունն ինձ ուղղորդում է՝ ուր էլ որ լինեմ, որպես երաժիշտ եմ ապրում: Որքան էլ Էմմաները տարբեր լինեն, միեւնույն է՝ ներաշխարհը նույնն է, ուստի, կարծում եմ՝ էմմաները շատ տարբեր լինել էլ չեն կարող:
-Ձեր շրջապատից շատերն են ասում, որ տեսակով թեթեւ մարդ եք, բայց դժվար է Ձեզ հասկանալը: Կա՞ սրանում ճշմարտություն։
Էմմա. Թույլ տվեք չհամաձայնել այդ կարծիքի հետ։ Ես սիրում եմ մարդուն, ուստի ես բաց եմ, գուցե երկար-բարակ չզրուցեմ, քանի որ հարաբերությունների ազդակները «ստոպ» են ասում, այսինքն՝ պետք է հասկանալ՝ բացվեմ ինչքան եւ ինչու, պետք է հասկանալ՝ ինչ եմ տալիս այդ մարդուն, կամ առհասարակ պետք է տամ, թե՝ ոչ:
- Ամուսնության առաջին առաջարկությունը եղավ երրորդ հանդիպման ժամանակ՝ ինքնաթիռում, որի պատասխանը տրամաբանական «ոչ»-ն էր։ Այս ամենին հաջորդեց չորեքշաբթի օրն Արամոյի՝ «Էմ, շաբաթ գալիս ենք ձեր տուն՝ քեզ ուզելու» արտահայտությունը: Ինչպե՞ս համաձայնեցիք։
Էմմա. Ես այդ շրջանում Բուլղարիայի ուղեգիր էի շահել, եւ Արամը հարցերեց ինձ, թե ոնց եմ առանց իրեն գնալու, եւ իրոք հասկացա՝ ճիշտ հարց տվեց, առավել եւս, որ մինչ այդ բեմից հայտարարել էր՝ իր կինը՝ էմման, դահլիճում է, եւ երբ թերթերը հրապարակեցին այդ լուրը, ես, բնականաբար, ասելու բան չունեի։
Արամո. Այդ ժամանակ արդեն ընկերներ էինք, արդեն հստակ գիտեինք փոխադարձ սիրո մասին, չորեքշաբթի էր, ասացի, որ շաբաթ օրը գալու ենք ձեր տուն։ Կնոջս տանն ինձ արդեն լավ գիտեին, վստահ էին, որ եթե իմ հետ է, ուրեմն ապահով ձեռքերում է։
- Չլինելով ամուսիններ՝ բեմից հայտատրե՞լ եք, որ ամուսնացած եք:
Արամո. Այո: 800 տեղանոց դահլիճում շատ էին չամուսնացած աղջիկները, ովքեր գիտեին, թե իմ սիրտն ազատ է: Իրենց միանգամից ներկայացրի իմ կնոջը, եւ այդ ժամանակ Էմման հանկարծակիի եկավ, ինչպես եւ մյուս ներկաները։ Այս ամենին հաջորդեց այն, որ տանը բոլորին նախապատրարեցի, եւ շաբաթ օրը գնացինք Էմմայիս ուզելու։
– Չունենալով ամուսնության վկայական, եկեղեցում խոստում չտալով՝ 28 տարի շարունակ սիրում եւ փայփայում եք միմյանց:
Արամո. Կարծում եմ՝ ամուսնության գրանցման փաստաթուղթն իր կարեւորությունն ունի, հատկապես բաժանման դեպքում. դե, սեփականություն է, պետք է կիսվի, եւ այլն, բայց ես ավելի կարեւորում եմ հոգեւորը, հնազանդության եւ տեր լինելու սանդղակներն իմ դեպքում այլ են: Ամեն տարի ասում եմ՝ կլոր ամյակին պետք է պսակադրվենք, հիմա համատեղ կյանքի 28-րդ տարին է, կարծում եմ՝ 30-ամյակին պսակադրությունը կարելի է իրականցնել եկեղեցում։ Իրականում հարսի շոր չէ, բայց պսակը անպայման կլինի: Վստահ եմ՝ արծաթե հարսանիքը կնշենք։
- Տիկին Էմմա, կարծեմ սպիտակ զգեստ չեք կրել:
Էմմա. Փոխարենը՝ կարմիր զգեստ եմ կրել, որը լավ եմ հիշում։ Ցավոք, ոչ մի լուսանկար չկա. այդ ժամանակահատվածում հնարավորություն էլ չկար հրավիրել լուսանկարչի եւ հավերժացնել պահը։
-Արամոն միշտ վառ կերպով է պատմում է Ձեր առաջին հանդիպումը, անգամ սանրվածքը, կոշիկներն է հիշում, իսկ Դուք ինչպե՞ս նկատեցիք Ձեր ապագա ամուսնուն։
Էմմա. Արամին մոռանալ կամ չնկատել պարզապես հնարավոր չէր. նա այնքան էքսցենտրիկ էր բոլոր-բոլոր ժամանակներում։ Ամռան շոգին կարող էր հագնել կարճ բաճկոն։ Հիշում եմ՝ ուսանող էի կոնսերվատորիայում, նա շանը ման էր տալիս բոբիկ ոտքերով, շունն էլ իր եւ եղբոր՝ Աշոտի նման տարօրինակ էր /ծիծաղում է,-հեղ./։ Հիմա ծիծաղով եմ հիշում, բայց այդ շունը չէր հաչում, այլ պարզապես ոռնում էր, եւ չէի մտածում, որ հենց այդ տուն եմ գնալու, որտեղ այդ շունն անընդհատ ինչ-որ բան էր ուզելու, այն էլ՝ ոռնալով, բայց շատ անուշիկ շնիկ էր՝ տխուր աչուկներվ, երկար ակնաջներով եւ շատ ծանր մարմնով, եւ երբ նա տեղաշարվում էր, տան ամեն ինչ դղրդում էր։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։