Համահայկական խաղերի բացմանը չեմ մասնակցել ի նշան բողոքի. Արման Բաբաջանյան․ Տեսանյութ
Համահայկական խաղերի բացմանը չեմ մասնակցել ի նշան բողոքի։ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է և տեսանյութ հրապարակել.
«Այս պահին գտնվում եմ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, այստեղ եմ լինելու նաև վաղը, սակայն չեմ մասնակցելու Համահայկական խաղերի բացման արարողությանը: Չեմ մասնակցելու սկբունքորեն, չեմ մասնակցելու ի նշան բողոքի, չեմ մասնակցելու հանուն համահայկականության գաղափարի անաղարտության…:
Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Իշխան Զաքարյանը: Մարդ, ով եղել է սկզբում քոչարյանական, ապա սարգսյանական ռեժիմների առանցքային դեմքերից ու դերակատարներից մեկը, մարդ, ով ամբողջությամբ մարմնավորում է քրեաօլիգարխիան, հանցավորությունն ու ապապետականությունը: Այս խնդրի մասին ես բարձրաձայնել եմ ամիսներ առաջ՝ վկայակոչոլեվ Իշխան Զաքարյանի կենսագրությունը ու կոչ անելով Հայաստանի իշխանությանը Համահայկական խաղերի կազմկոմտեի ղեկավարի կարևորագույն պաշտոնը զերծ պահել մութ ու հանցավոր անցյալից:
Իշխանությունը սակայն մնաց անդրդվելի և ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հաճույքով մասնակցում է մի միջոցառման, որը կազմակերպել է քոչարյանասարգսյանական ռեժիմների կարկառուն ներկայացուցիչը: Իշխան Զաքարյանն այսպիսով դարձել է հին ու նոր հայաստանների համակեցության, ներդաշնակության մարմնավորողը՝ մինույն ժամանակ ստվեր նետելով համահայկականության գաղափարի վրա, այն համահայկականության, որի մասին ստեփանակերտյան իր ելույթում այսօր խոսում էր Նիկոլ Փաշինյանը:
Համահայկականությունը միայն գեղեցիկ ճառերն ու կենացները չեն: Համահայկականությունը գաղափար ու կեցություն է, որը պետք է հիմնված լինի առաջին հերթին օրինականության վրա: Եվ ուրեմն, չի կարող համահայակականություն լինել այնտեղ, որտեղ իշխանզաքարյաններն են, չի կարող համահայկականություն լինել այնտեղ, որտեղ իշխում է մութ անցյալը:
Ես վաղը գտնվելու եմ Ստեփանակերտում, բայց չեմ մասնակցելու Համահայկական խաղերի բացման արարողությանը՝ այդպիսով խորհրդանշական տուրք մատուցելով իրական համահայկականության գաղափարին:
Հ.Գ. Հիշեցման կարգով՝ կարող եք վերստին լսել Իշխան Զաքարյանի մասին ելույթս ԱԺ-ում»։