Կրկնակի ատեք ինձ, բայց եռակի սիրեք հայրենիքը. Արփինե հովհաննիսյանը ելույթի ժամանակ լաց եղավ (Տեսանյութ)
Կրկնակի ատեք ինձ, բայց եռակի սիրեք հայրենիքը. Արփինե հովհաննիսյանը ելույթի ժամանակ լաց եղավ (Տեսանյութ)
168.am-ը գրում է․ «Ես ուզում եմ, որ ձեզ բացատրեմ, թե ինչու եմ այսօր եկել այստեղ: Ես ուզում եմ, որ դա իմանա Նիկոլ Փաշինյանը, «Էրատոյի» հրամանատարը, ոստիկանները, բերման ենթարկող մյուս իրավապահ մարմինները:
Տղերք, առաջին երկուսը մերոնք չեն, դուք մերոնք եք: Եկել եմ այստեղ մի պարզ պատճառով. Ես ուզում եմ վաստակել հայրենիք ունենալու իրավունքը, որպեսզի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու թափած արյունը հանուն ոչնչի չլինի»,- այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց արդարադատության նախկին նախարար, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:
«Այստեղ հավաքվածներից և որևէ մեկն իշխանություն չի ցանկանում: Իշխանությունը պետք է բացառապես Փաշինյան Նիկոլին, նրա պատգամավորներին, որպեսզի մարսեն այս ամենը: Իշխանությունից հեռացումը պետք է հայրենիքին, Հայաստանին ու Արցախին: Կհարցնեք՝ ինչո՞ւ, բացատրեմ: Նիկոլ Փաշինյանը նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական շրջանում ցույց է տվել որակներ, որոնք բերեցին այս աղետին:
Դուք պարտավոր եք լսել, տարածել ու հասկանալ: Երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Արցախը Հայաստան է, և վերջ, հարց ունեմ, պարոն Փաշինյան, դա ի՞նչ է նշանակում: Շուշին Ադրբեջան է, և վե՞րջ: Իսկ գուցե փոխելու եք կարգախոսն ու ասեք՝ Երևանը Հայաստան է, և վերջ, որովհետև հանձնել եք Սյունի՞քը…»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այս փաստաթուղթը քաղաքական փաստաթուղթ է, սա միջազգայնորեն ստանձնված ՀՀ պարտավորություն է՝ պետությունների միջնորդությամբ:
«Այս փաստաթուղթը սկսել է կատարվել, և մնացել են հաշված ժամեր իրենց տները վառած քարվաճառցիների՝ գաղթի ճանապարհը բռնելուն, եթե, իհարկե, չեն արել դա: Այս փաստաթղթով ամեն ինչ սկսվում է, բայց չի ավարտվում: Այս փաստաթուղթը ենթադրում է նոր փաստաթղթեր: Այս փաստաթղթի ամեն կետի տակ կա լրացուցիչ ռումբ Հայաստանի պետականության տակ:
Շատ կարևոր է, որ նոր բանակցողը, ով ուզում է դա լինի, կարողանա ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանի պես անհավասարակշիռ, անգրագետ, անփորձ, անդաստիարակ, այլ՝ հավասարակշիռ անձնավորություն»,- ասաց ԱԺ նախկին փոխխոսնակը:
Բանակցությունները սեփական կետից սկսելն Արփինե Հովհաննիսյանը համարեց Նիկոլ Փաշինյանի նախապատերազմյան սխալը, իսկ պատերազմի ընթացքում՝ 44 օր շարունակ մեր ազգին ու Սփյուռքին խաբելը:
Մանրամասները՝ 168․am-ի տեսանյութում