Կրակոցներ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Կանևսկոյի ընկերը
Կրակոցներ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Կանևսկոյի ընկերը
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 9-ին, կրակոց է հնչել Երևանում: Ժամը 16:30–ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի պետ Հրաչյա Ղազարյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 47-ամյա Վարդան Գևորգյանն է, ով ըստ բժիշկների, այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի և ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Ա. Մելոյանի գլխավորությամբ պարզել են, որ Վ. Գևորգյանը հիվանդանոց է տեղափոխվել Կիլիկիա թաղամասի Ադանայի փողոցի թիվ 23 հասցեի մոտից: Արդեն տեղում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են գազային ատրճանակի 1 հատ պարկուճ:
Դեպքի վայր ժամանած Երևանի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի հանձնարարականով Մալաթիայի քննչական բաժնում քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ ստեղծվել է քննչական խումբ:
Ոստիկաննությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Կիլիկիայում հայտնի «Կոդո» մականվամբ Արման Գևորգյանի եղբայրն է, ովքեր թաղամասում բնութագրվում են դրական, միշտ սատար են կանգնել սոցիալապես անապահով վիճակում գտնվող մարդկանց:
Վիրավորը նաև քրեական աշխարհում հայտնի, վերջերս «Բարի կամքի դեսպան» կոչմանն արժանացած Արտյոմ Հարությունովի (Կանևսկոյի Արտյոմ) ընկերն է: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը: