Մամուլ

Կրակոցներ Երևանում. «կարմիր բերետները» վտանգելով իրենց կյանքը, բերման են ենթարկել Mercedes-ի միջից կրակոցներ արձակողին

Կրակոցներ Երևանում. «կարմիր բերետները» վտանգելով իրենց կյանքը, բերման են ենթարկել Mercedes-ի միջից կրակոցներ արձակողին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 17-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ ու հետապնդման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողներ ենթասպաներ Պետրոս Քյուրտյանն ու Վաչագան Ղազարյանը ծառայություն կատարելիս են լինում Մյասնիկյան պողոտայում, երբ նրանց է մոտենում իրենց գործընկերներից մեկը և հայտնում, որ Մյասնիկյան 9 հասցեում գտնվող մանկական սրճարանի դիմացից դեպի Հերացի փողոց ընթացող Mercedes-AMG GLE 63s մակնիշի 55 XK 555 համարանիշի ավտոմեքենայի միջից վարորդի կողքին նստած քաղաքացին պատուհանից ատրճանակով կրակոցներ է արձակում։

Պ. Քյուրտյանն ու Վ. Ղազարյանը, նկատում են նշված ավտոմեքենան ու սկսում են հետապնդել։ Այդ ընթացքում բարձրախոսի միջոցով հորդորում, որպեսզի վարորդը կանգնի, սակայն վերջինս իրենց հորդորող «կարմիր բերետների» հրահանգներին չի ենթարկվում և դիմում է փախուստի՝ հասնելով Տիգրան Մեծի պողոտա։

Պարեկները հետապնդում են և կարողանում են ամենագնացի դեմն առնել ու տեղում 2 երիտասարդ տղայի և 1 աղջկա կարողանում են բռնել, իսկ 2 աղջիկ դիմում են փախուստի։

mercedes gle

Ավտոմեքենանում հայտնաբերվում է ատրճանակը, իսկ վնասազերված անձինք ներկայացվում են ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Ահազանգով դեպքի վայր են ժամանում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Ալեքսան Գասպարյանը և կրտսեր պարեկ Վահե Մուրադյանը, ովքեր էլ Mercedes-ը տեղափոխում են ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը եղել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 26-ամյա Ռաֆիկ Խ-ն, իսկ կրակոցների կասկածյալ հեղինակը՝ Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Նարեկ Գ-ն, իսկ մյուս ուղևորը եղել է Երևանի բնակիչ՝ 20-ամյա Ռիմա Մ-ն։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մյուս 2 աղջիկների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրենց կյանքը վտանգած, Mercedes-ին հետապնդող «կարմիր բերետներ» Պետրոս Քյուրտյանն ու Վաչագան Ղազարյանը:

karmir beretner
Կիսվել