Մամուլ

Կրակոցներ՝ Արարատի մարզում. 28-ամյա փեսան կրակոցներ է արձակել աներոջ ուղղությամբ, հետո ծեծի է ենթարկել ու դիմել փախուստի

Կրակոցներ՝ Արարատի մարզում. 28-ամյա փեսան կրակոցներ է արձակել աներոջ ուղղությամբ, հետո ծեծի է ենթարկել ու դիմել փախուստի

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վերին Արտաշատ գյուղում քաղաքացին զենքով և նռնակով զինված մտել է ինչ-որ տուն և սպառնացել է տան անդամներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը:

Ոստիկանները պարզել են, որ ժամը 20:30-ի սահմաններում Վերին Արտաշատ գյուղի Իսակովի փողոցի տներից մեկն է այցելել նույն գյուղի բնակիչ, 28-ամյա Գոռ Ա.-ն, ով ցանկացել է իր նախկին կնոջը տուն տանել:

Ըստ 41-ամյա տանտիրոջ՝ Վարդուհի Հ.-ի հայտարարության՝ նախկին ամուսինը հայտնել է, որ ինքը պետք է կնոջը տանի, այլապես բոլորին կսպանի և նրա ձեռքին եղել է ատրճանակ և ինչ-որ առարկա, որ նա նմանեցրել է նռնակի:

Այդ ժամանակ վիճաբանություն է առաջացել, և Գոռ Ա.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել նույն տան բնակիչ, 50-ամյա Միքայել Մ.-ի ուղղությամբ, ով նրա աներն է:

Դրանից հետո աներոջը հաջողվել է փեսայի ձեռքից խլել ատրճանակը, ինչից հետո փեսան հարվածներ է հասցրել աներոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա տանից դիմել է փախուստի:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներին հաջողվել է ժամեր անց Գոռ Ա.-ին հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ նրան և դեպքի փաստով ձևակերպված փաստաթղթերը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք ատրճանակը:

Կիսվել