«Կրակի միջից մարդիկ էին դուրս գալիս, վազում էի՝ տեսնեմ միգուցե եղբայրս ա, բայց չկար»
«Կրակի միջից մարդիկ էին դուրս գալիս, վազում էի՝ տեսնեմ միգուցե եղբայրս ա, բայց չկար»
35-ամյա Ռաիսա Սահակյանի (Աղաբեկյան) ու նրա ընտանիքի համար վերջին երեք տարիները ծանր ու փորձություններով լի տարիներ են եղել. նախ՝ տեղահանվել են Շուշիից, հետո չհասցնելով վայելել նոր բնակարանը, բռնի տեղահանվել են Ստեփանակերտից։ Այս մասին հայտնում է Forrights.am-ը։
Շուշիի Տեխնոլոգիական համալսարանի դասախոսը 2020-ի 44-օրյա պատերազմի առաջին օրերին է ստիպված եղել լքել հարազատ քաղաքը։ Նա իր, եղբոր բազմանդամ ընտանիքի ու ծնողների հետ միասին ժամանակավոր բնակության համար տեղափոխվում է Սևան՝ պատերազմի դաշտում թողնելով ամուսնուն ու երկու եղբայրներին։
Կրտսեր եղբորը՝ 30-ամյա Սասուն Սահակյանին 77 օր փնտրել են։ «Որևէ տեղեկություն չունեի փոքր եղբորիցս, 77 օր փնտրում էինք։ Վերջին զանգը եղել է հրամանատարին՝ Շուշիի բենզալցակայանի մոտ եմ, ծնկներից վիրավոր, հասեք օգնության։ Բայց այդպես էլ օգնություն չի եղել նրան», -պատմում է Ռաիսան։ Սասունի մահը հաստատվել է ԴՆԹ հետազոտության միջոցով։
Պատերազմից հետո Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում հաստատված նրա և ավագ եղբոր՝ Գրիգորիի ընտանիքը նոր էր բնակարան ստացել, վերջին գումարները ծախսել էին կահավորել, սակայն սպասվում էր նոր ու ավելի դաժան փորձություն։
«Ընտանիքներով Ստեփանակերտում տուն ստացանք, կահավորեցինք, թարմացրեցինք, ամեն ինչ ստեղծեցինք նորից։ Մի կերպ անցնում էինք բնականոն կյանքին, քանի որ շատ դժվար էր եղբորս մահից հետո նայել կյանքին այլ հայացքով։ Անընդհատ ասում էի՝ միայն թե մարդկային կորուստներ չունենանք, նյութականը էլի կվերականգնվի։ Բայց այդպես չեղավ», -նշում է Ռաիսան։
Այս սեպտեմբեր բռնի տեղահանման օրերին Ստեփականակերտի բենզինի պահեստարանի խոշոր հրդեհի ժամանակ ստացած այրվածքներից մահանում է Ռաիսայի ավագ եղբայրը՝ 42-ամյա Գրիգորի Սահակյանը։ Պատմում է՝ երբ արդեն հաստատ որոշել էին տեղափոխվել Հայաստան, գնացել են հերթ կանգնել բենզին ստանալու համար։
«Տեսան հերթում կանգնած եմ, ինձ կանչեցին, ամանները բենզին լցրեցին, ասեցին՝ քուրիկը թող չկանգնի հերթում, վերցրի ամանները, տեսա եղբորս հերթում կանգնած, ժպտացինք իրար, ու ես մի քանի քայլ առաջացա։ Մի քիչ առաջ էի գնացել, պայթյունն եղավ։ Անընդհատ գոռում էին հետ քաշվեք, հետ քաշվեք, մեքենաները հետ տարեք։ Դեռ մարդիկ ուշքի չէին եկել, երկրորդ պայթյունը եղավ։
Տեսա՝ մարդիկ, որ կրակի միջից դուրս էին գալիս, արդեն հալված էին, հագուստները այրված, բերաններից արյուն էր հոսում։ Շատ ծանր էր, փորձում էինք մարդկանց փրկել, ով ոնց կարողանում էր վրայից փորձում էինք հագուստը պոկել ու փրկել։ Այդ ընթացքում անընդհատ գոռում էի եղբորս, ձայն չկար, կրակի միջից տարբեր կողմերից մարդիկ էին դուրս գալիս, վազում էի՝ տեսնեմ միգուցե եղբայրս ա, բայց չկար։ Քիչ ուշ եկավ փրկարար ծառայությունը, բայց հրդեհից հիմնականում փրկվեցին առաջին 3-4 վայրկյանում դուրս եկած մարդիկ», -պատմում է Ռաիսան։
Հրդեհը մարել երկար ժամանակ չի հաջողվել․ «Հատուկ հագուստով փրկարարներից մեկը դուրս եկավ կրակի միջից, հարցրի՝ զոհեր ունե՞նք, ասեց՝ քուրիկ ջան, զոհեր ունենք ու շատ»։ Եղբորը փնտրել են բոլոր հնարավոր վայրերում։
Դիահերձարանում եղած տասնյակից ավելի դիերին թույլ չեն տվել հարազատները մոտենան ճանաչման համար, քանի որ դրանք այրված են եղել ու անճանաչելի։
Մասնագետների խորհրդով ԴՆԹ անալիզ են հանձնել, ինչն էլ արդեն Երևանում հաստատվել է։ Այժմ եղբոր մարմինը դեռ դիահերձարանում է։ Ընտանիքը դիմել է պատկան մարմիններին, որպեսզի Եռաբլուրում տեղ հատկացվի 24 տարի զինվորական ծառայության մեջ անցկացրած զինվորականին։ Բայց դեռ հստակ արձագանք չկա։
Մանրմասները՝ Forrights.am-ի տեսանյութում