Կորցնելով իշխանությունը, ՀՅԴ-ի մի մասը կորցրել է նաև հավասարակշռությունը, դարձել են զայրացած, դառը և վրեժխնդիր
« Կորցնելով իշխանությունը, ՀՅԴ-ի մի մասը կորցրել է նաև հավասարակշռությունը, դարձել են զայրացած, դառը և վրեժխնդիր: Սեփական, անձնական, կուսակցական արդարություն Հայաստանում գոյություն չունի։ Միայն մեկ արդարություն կա՝ պետության արդարությունը, դատական իշխանությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՅ Դաշնակցության որոշ անդամների վերջին գործողություններին, բռնությունը որպես պայքարի մեթոդ որդեգրելու քաղաքականությանը։
Երևանում և դրսում կան շատ դաշնակցականներ, որոնք դժգոհ են Գեղամ Մանուկյանի իրականացրած քայլից, եթե ինքն է պատասխանատու։ Որպես լրագրող, Գեղամ Մանուկյանը վիրավորում է բոլոր լրատվամիջոցների մասնագետներին Հայաստանում: Տարիներ շարունակ լրագրողներին ծեծի ենթարկեցին տղամարդկանց կողմից իշխանության հրամանով: Եվ կա լրագրող, որը հանդես է գալիս որպես ագրեսոր:
Դա ամոթ է: Գեղամ Մանուկյանը նաև պնդում է, որ Վարդան Հարությունյանը իրավունք չունի վիրավորելու ազգային արժեքները, Արցախի կրոնական իշխանությունները և այլն: Բայց որտե՞ղ էր Գեղամ Մանուկյանը, երբ նախորդ ռեժիմը վիրավորեց այդ ազգային արժեքները՝ երկիրը թալանելով, ձերբակալելով հակառակորդներին»։
Կայծ Մինասյանի դիտարկմամբ՝ նույնիսկ եթե ակտիվիստ Վարդան Հարությունյանը պարապ բաներ է հայտարարում, անիմաստ գրառումներ անում, ապա ծեծը պայքարի մեթոդ չէ.
«Դա չի նշանակում, որ պետք է նույն մեթոդներով աշխատես, նույն անհանդուրժողականության մթնոլորտը ստեղծես։ Սա պետք է սրբագրվի Դաշնակցության ներքին կյանքի մեջ։ Չեմ կարծում, թե արտասահմանի դաշնակցականները և Հայաստանում շատերը կիսում են և ողջունում են Գեղամ Մանուկյանի կեցվածքը։ 20 տարի Դաշնակցությունը իշխանության մաս էր կազմում, հիշո՞ւմ եք՝ կար գյուղապետ, որ նույնիսկ սպանվեց, ինչո՞ւ այն ժամանակ Գեղամ Մանուկյանը չգնաց ու այդ հանցագործներին ծեծի չենթարկեց։ Ուզում եմ ասել, որ եթե Գեղամ Մանուկյանը պատասխանատու է այս միջադեպի համար, ես վստահ չեմ, նրա խոսքերից եմ ենթադրում ու նշում՝ դա իրական դաշնակցական կեցվածք չէ: Մի խոսքով, ՀՅԴ-ն չի կարող պահանջել օրենքի պետության ստեղծում Հայաստանում և թույլ տալ, որ Գեղամ Մանուկյանը գործադրի բռնության մեթոդներ օրենքի պետության դեմ»։
Մեջբերեցինք Հայաստանում ընթացող այն դիսկուրսները, որ Դաշնակցությունը շարժվում է իր հին տրամաբանությամբ, նորից ընտրում է բռնի, նույնիսկ ահաբեկչական քաղաքականության ուղին։ Արդյոք կստեղծվի՞ մի իրավիճակ, երբ Դաշնակցության գործունեությունը Հայաստանում նորից կարգելվի, այս դիտարկումներին ի պատասխան Կայծ Մինասյանը արձագանքեց. «Ճիշտ է, որ Դաշնակցության պատմության մեջ եղել է այդպիսի արմատական պայքարի միջոց, բայց դա չի նշանակում, որ դա իրենց մշակույթն է։
Դա պատկանում է այն պայմաններին, որ այդ ժամանակ եղել է։ Ուզում եմ ասել, որ եթե ժողովրդավարական պետության մեջ ես ապրում, հասարակությունը վայրենի հասարակություն չէ, ուրեմն այդ կեցվածքը անընդունելի է։ Բայց եթե ապրում ես ավտորիտար կամ տոտալիտար հասարակության մեջ ու ոչ ժողովրդավարական պետություն է՝ այդպիսի կեցվածքը սովորական է։ Դաշնակցությունը գոյատևել է երկու պայմաններում էլ՝ թե՛ ժողովրդավարական, թե՛ բռնապետական։ Հիմա շատ դաշնակցականներ են դժգոհ այս մեթոդներից»։
Մինասյանն ընդգծեց. «Հայաստանի դաշնակցականների մի մասը իրենց հավասարակշռությունը կորցրել են, կորցնելով իշխանությունը, իրենց ազդեցությունը, կորցրել են նաև հավասարակշռությունը։ Նրանք դարձան զայրացած, դառը և վրեժխնդիր: Նրանք չգիտեն, թե ինչ անել, որ գոյություն ունենան: Դա դրամատիկ է: Շատ դաշնակցականներ են այսօր դժգոհ այս մեթոդներից։ Այսօրվա ՀՅԴ Բյուրոյի մեծամասնությունը ուզում է փակել Լևոն-Ռոբերտ-Սերժ էջը և նոր էջ բացել, պարտադիր չէ Նիկոլ Փաշինյանի հետ, ինքնավար, անկախ ձևով։
Վաղը, մյուս օրը Դաշնակցությունն այդկերպ կկարողանա իր գաղափարներն ի հայտ բերել ու ընտրության ճանապարհով դառնալ իշխանություն կամ տեղ ունենալ խորհրդարանում։ Իսկ մյուս մասը կապված է Ռոբերտի ու Սերժի իշխանության հետ։ Հիմնականում Հայաստանի Դաշնակցության մի մասն է նման քաղաքականության կողմնակից, դա սխալ և կործանարար քաղաքականություն է։ Առաջին տարբերակով իրենք պետք է վերանորոգեն իրենց ռազմավարությունը, մոտեցումները նոր պետության մեջ։ Գեղամ Մանուկյան, Հրանտ Մարգարյան՝ այդ մարդիկ կապված են անցյալի Դաշնակցության հետ, որն այսօրվա Հայաստանում տեղ չունի»։
Աղբյուր՝ 1in.am