«Կյանքում շատ դժվար պահեր եմ ապրել»․ Գրիշա Աղախանյանը նշում է 51-ամյակը
«Կյանքում շատ դժվար պահեր եմ ապրել»․ Գրիշա Աղախանյանը նշում է 51-ամյակը․
Դերասան, շոումեն, հաղորդավար Գրիշա Աղախանյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը: Միգուցե շատերի համար զարմանալի հնչի, բայց նա արդեն 51 տարեկան է, իսկ երիտասարդ մնալու գաղտնիքն է սիրելի աշխատանքով զբաղվելն ու էներգիայով լեցուն լինելը: BRAVO.am-ն օրեր առաջ հանդիպել է Գրիշային եւ կնոջը՝ լուսանկարելու եւ, իհարկե, զրուցելու:
– Գրի՛շա, պասիվ եք, ինչո՞վ է պայմանավորված։
– Վերջին շրջանում կա պասիվություն, բայց բացը լրացվելու է միանգամից։ Լավ նորություններ ունեմ. այս տարի հանրությանը կներկայանամ սթենդ-ափ շոուով, որն իր տեսակով, կարծում եմ, յուրահատուկ կլինի: Իմ երգարվեստը սիրողների եւ գնահատողների համար եւս ունեմ անակնկալ՝ երգի եւ տեսահոլովակի տեսքով, ինչպես նաեւ շուտով կլինեմ եթերում՝ «Շանթ»-ի որեւէ նախագծի շրջանակում։ Տարին հագեցած է, կարծում եմ՝ կլինեն նաեւ այլ նախագծեր:
– Նախորդ տարի՝ Ձեր 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգին, ասացիք՝ մարդիկ զարմանում են, որ այդ տարիքին եք, եւ Ձեր անձնագիրն եք ցույց տալիս, որ հավատան: Ամեն դեպքում տարիքն իրենն անում է, համաձայն չե՞ք։
-Դժգոհությունս այն է, որ տարիքի հետ երբեմն հավեսն է կորում: Իրականում միշտ էներգիայով լեցուն եմ եղել, բայց ամեն դեպքում հասկանում եմ, որ ինչ-որ մի բան անելու ցանկությունը պակասում է, որոշակի հանգստության կարիք եմ զգում… Միայն սա է: Բողոքելու տեղ չունեմ:
-Կեսդարյա կյանքում որո՞նք են զղջումները։
-Կյանքում շատ դժվար պահեր եմ ապրել, երբեմն մտածել եմ, որ անելանելի վիճակում եմ, բայց ուժեղ եմ գտնվել եւ դուրս եմ եկել այդ ծանր վիճակից։ Երբ հետ եմ նայում, կարծես ամեն բան լավ է անցել, միայն դժգոհ եմ, որ կյանքումս եղավ ամուսնալուծություն ասվածը, որն ինձ համար՝ որպես ծնող, դժվարություններ է առաջացնում։ Ամեն բան անում եմ ծնողական պարտքս կատարելու համար, սակայն հեռավորությունն ու ամուսնալուծությունն իրենց անում են…
-Իսկ որո՞նք եք համարում կյանքի 3 կարեւոր ձեռքբերումները։
-Միանշանակ առաջին տեղում երեխաներս են: Լավ երեխաներ ունեմ: Նրանք այնպիսին են, ինչպիսին ցանկանում էի եւ պատկերացնում նրանց։ Երկրորդ տեղում ստեղծագործական կյանքն է, որը լի է հետաքրքրություններով, եւ, իհարկե, այս ստեղծագործական կյանքից բխող վերաբերմունքը, հարգանքն ու ջերմությունը, որ զգում եմ մարդկանցից։ Երբեմն ջերմ խոսքերից հուզվում եմ. թանկ բան է, ամեն դեպքում ինձ համար այդպես է։
– «50 տարին չոքեց դուռս». չկա՞ նման հիթ նորից ստեղծելու ցանկություն:
-Կարծում եմ՝ կա: Նոր երգիս մոտեցումն այդպիսին է. շատ բծախնդիր եմ եղել ամեն հարցում: Հույս ունեմ, որ կսիրվի, իսկ կդառնա հիթ, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը։
– Շողերի եւ Ձեր տարիքային տարբերությունն ի՞նչ բարդություններ է առաջացնում։
-Մենք տարբեր սերունդներից ենք, ինչը չի կարող իր հետքը չթողնել։ Տարբեր հարցերի վերաբերյալ մեր պատկերացումներն այլ են։ Արդեն սովորել ենք, նմանվել, տարիներն իրենցն անում են։ Շողերը սկսում է ընկալել այլ կերպ, ես փորձում եմ հասկանալ իր պատկերացումները, եւ սկսում ենք ըմբռնումով մոտենալ մեր տարիքային տարբերությանը։ Իմ տեսակով «բիձա» չեմ, շատ հարմարվող եմ։
Շողեր. Բարդություններ լինում են այնքանով, որ երբեմն տարաձայնություններ ենք ունենում, սակայն հասակակից ամուսինների դեպքում նույնպես նմանօրինակ խնդիրներ լինում են։ Գրիշան ժամանակակից տղամարդ է, տարիքով պայմանավորված լուրջ բարդություններ չեն լինում։
-Ամուսինները միշտ միմյանցից ինչ-որ բան սովորում են: Դուք Շողերից ի՞նչ եք սովորել։
-Հետաքրքիր է, որ շատ իրավիճակներում Շողերն, ավելի երիտասարդ լինելով, ավելի ճիշտ խորհուրդներ է տալիս. կինս շատ հեռատես է։ Շատ խորհուրդներ է տալիս, որոնք վերլուծելուց հետո, իհարկե, ընդունում եմ։
-Ի՞նչն է միավորում շումեն, ատամնաբույժ, դերասան, երգիչ Գրիշային։
-Այստեղ մի քիչ հեռու եւ վիճելի է ստոմատոլոգիան, մյուսները մոտ են իրար։ Հասկացել եմ՝ բժիշկների մեծամասնությունը շատ հումորով, հավես մարդիկ են, ինչո՞ւ չէ, նաեւ որոշակի դերասանական հմտությունների հեշտ տիրապետող, տաղանդավոր մարդիկ են։ Հումոր, մակարդակ, ստեղծագործական կյանք՝ այս ամենն է միավորում Գրիշային։
-Գիտեմ, որ Ձեր մայրիկի ցանկությամբ եք ընտրել ատամնաբույժի մասնագիտությունը։ Ի՞նչ եք կարծում, եթե վերջնական ընտրությունը լիներ ստոմատոլոգիան, կդառնայի՞ք հաջողակ եւ հայտնի ատամնաբույժ։
-Շատ եմ մտածել այդ մասին, կարծում եմ՝ այո։ Կյանքում առաջնորդվում եմ մի սկզբունքով՝ եթե գործ ես անում, պետք է անես լավ, չնայած՝ այստեղ կար մի կարեւոր հանգամանք. այն չսիրելով էի անում։ Ես նաեւ աշխատել եմ այս մասնագիտությամբ եւ շատերի ատամներն եմ բուժել, անգամ հայտնիներից մի քանիսն ինձ են վստահել այս պատասխանատու գործը։ Արամոն շատ գոհ է իմ աշխատանքից, այնպես որ, արված գործիս վերաբերյալ կարծիքներն էլ բավական դրական են։ Ուղղակի պետք է զբաղվես միայն նրանով, ինչը քեզ հաճույք է պարգեւում, ինչը դու սիրում ես։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։