Կինը 104 տարեկանում վերապրել է COVID-19-ը՝ «իսպանկայից» եւ մելանոմայից հետո
Կինը 104 տարեկանում վերապրել է COVID-19-ը՝ «իսպանկայից» եւ մելանոմայից հետո
News.am-ի փոխանցմամբ՝ կյանքի 105-րդ տարում Նյու Յորքի Բրուքլին շրջանի բնակչուհի Իդա Ակոնսիամեսան ապաքինվում է COVID-19 կորնավիրուսային վարակի ծայրահեղ ծանր ընթացքից հետո։ Ծերանոցում, որտեղ նա ապրում է, այս դեպքը հրաշք են համարում, հայտնում է «Հանրամատչելի մեխանիկա»-ն։
Իդան գտնվում էր Քույրական խնամքի եւ վերականգնման կենտրոնում, երբ ապրիլի 4-ին կորոնավիրուսի նրա թեսթը դրական արդյունք էր ցույց տվել։ Բուժման ընթացքում նա ստացել է թթվածին, շատ թուլացել է եւ չի կարողացել ուտել։
Սակայն մոտ մեկ ամիս անց նա խոսում, ուտում եւ ապաքինվում է վիրուսից։ Նրա դուստր Բարբարա Սենեզեն ասել է, որ մայրն առաջին անգամ չէ բժշկական խնդիրներ ունենում։ Նրա խոսքերով՝ Իդան վերապրել է իսպանական գրիպը, նա կոտրել է երկու ազդրերը, ունեցել է պսեւդոթաղանթային կոլիտ եւ չորրորդ աստիճանի մելանոմա։
Սենեզեն սովորաբար քրոջ հետ միասին ամեն օր այցելում էր մորը, սակայն համավարակը դա թույլ չի տվել։ Նրանք չէին կարող ծերանոց մտնել, այդ պատճառով լուսամուտից էին տեսնվում։
Վերջին անգամ նրանք այդպես հանդիպել են մարտի 26-ին, այդ ժամանակ էլ Իդայի մոտ COVID-19-ի առկայության կասկած էր առաջացել։ Նա չէր շարժվում, չէր կարողանում խոսել եւ նույնիսկ դուստրերին նայել։
Չնայած ընտանիքի վատագույն մտավախություններին՝ կինը պատկառելի տարիքում եւս մեկ հիվանդություն հաղթահարեց։ Առաջին իսկապես լավ նորությունը եկավ ապրիլի 24-ին, երբ կենտրոնի աշխատակիցները զանգահարեցին Իդայի հարազատներին, որպեսզի հայտնեն, որ նա օրեցօր իրեն լավ է զգում եւ ապաքինվում է։
Կենտրոնի ղեկավար Մարկո Պերոնեն ասել է, թե 104 տարեկանում COVID-19-ը վերապրելը հրաշք է, երբ իրենց մոտ 40-50 տարեկան մարդիկ են վիրուսից մահացել։
Ամենայն հավանականությամբ, Իդան COVID-19-ով հիվանդացած ամենածեր պացիենտներից է ամբողջ աշխարհում։ Ավելի վաղ հաջողությամբ ապաքինվել էր 101 տարեկան իտալացին, իսկ Մոսկվայում հոսպիտալացրել էին 107 տարեկան կնոջ, սակայն նրա վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան։