Շոու-բիզնես

Կինը չպետք է լինի ճղճղան և լաչառ. Լուիզա Ներսիսյան

Կինը չպետք է լինի ճղճղան և լաչառ. Լուիզա Ներսիսյան։ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել շարք, որի շրջանակում ընթերցողին կներկայացնի հայտնի կանանց հետ զրույցներ: Նրանք կկիսվեն իրենց փորձով, տղամարդկանց մասին տեսակետներով, կին-տղամարդ հարաբերությունների վերաբերյալ ընկալումներով:

Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Լուիզա Ներսիսյանն է: Նա նշել է, թե տղամարդկանց հետ հարաբերվելիս կանայք ինչպես պետք է հասնեն իրենց ուզածին, տեսակետ հայտնել, որ հանուն ճշմարտության պայքարում նրանք չպետք է կորցնեն իրենց կանացիությունը եւ չպետք է դառնան ճղճղան եւ լաչառ:

Լուիզան այն համոզման է, որ եթե մարդը լինի բավականաչափ աշխատասեր, անկախ այն բանից՝ տղամարդ է, թե կին, նրա առջեւ կբացվեն բոլոր դռները, միայն թե կինն իր տեսակի մեջ պետք է դռները բացելու ճիշտ ձեւը գտնի, տղամարդը՝ իր:

-Մեր առաջին ավանդական հարցը՝ կին դառնո՞ւմ են, թե՞ ծնվում: Բնությու՞նն է մեծ դեր խաղում, թե՞ կենսափորձը:

-Դառնում են: Բնությունը մեզ կին ստեղծում է, բայց շատ կարեւոր է, թե ինչպես ենք մենք մեր մեջ զարգացնում այդ կնոջը, որքանով ենք հետեւում այդ բնության կանչին: Եթե տրվենք կյանքի հոսքին, հաճախ կարող ենք կորցնել այդ տեսակը, ուստի հարկավոր է, որ ինքներս մեզ ճանաչենք ու չսայթաքենք:

Երբ մենք սկսում ենք մեր շահերը պաշտպանել, ճիշտը տանում է մեզ պայքարի, եւ այդ պայքարի ժամանակ պարտադիր չէ ճակատներս դեմ տանք ճշմարտությանը: Կարելի է էլի հասնել ուզածին՝ գործածելով կանացի խորամանկությունը եւ չխոցելով տղամարդու ինքնասիրությունը:

-Թետչերն ասել է. «Հավերը եւս իմանում են, որ լույսը բացվել է, բայց թողնում են, որ աքլորներն այդ մասին բղավեն»:

-Շատ լավ է ասել, հենց դրա մասին էլ խոսում եմ:

-Ո՞ր ոլորտում են կանայք առավել հաջողում` ըստ Ձեզ: Օրինակ՝ ռեժիսուրայի ասպարեզում, համեմատած տղամարդկանց հետ, շատ հաջողակ կանանց չենք տեսնի, եւ դա ամբողջ աշխարհում է այդպես:

-Մարդը, անկախ այն բանից՝ կին է, թե տղամարդ, հաջողության հասնում է միայն աշխատասիրության, նպատակասլացության եւ ինքնակրթության շնորհիվ: Չկան դռներ, որ չբացվեն մարդու առջեւ, պետք է ձեւը գտնել: Կինը իր տեսակի մեջ պետք է ճիշտ ձեւը գտնի, տղամարդը՝ իր:

-Կինը ինչպիսի՞ն չպետք է լինի: Կա՞ մի հատկություն, որը նկատել եք որոշ կանանց մոտ, եւ այն վանել է Ձեզ:

-Իրավիճակից, իհարկե, շատ բան է կախված: Ճիշտն ամեն գնով առաջ տանելու հատկությունն ինձ համար, էլի եմ ասում, անընդունելի է: Տղամարդուն նսեմացնելը կանացի վատ հատկություն է: Չի կարելի ճշմարտության հասնելու համար, օրինակ, ճղճղալ, լաչառություն անել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել