«Կարո՞ղ է ինչ-որ ուտեստի բաղադրատոմս քննարկեի». Ինչից է դժգոհել ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը չեխերի մոտ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ներկայացուցիչները հանդիպել են Չեխիայի խորհրդարանի պատգամավորներին: Ինչից է դժգոհել ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը չեխերի մոտ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը չեխերի մոտ դժգոհել է իշխանություններից, ասել է, որ իրենց իրավունքները սահմանափակում են, որպես ընդդիմություն՝ իրենց ճնշում, իսկ ԲՀԿ-ն էլ չունի ԱԺ-ում 1/3-ի չափ պատգամավոր, որպեսզի տարբեր հարցերի հետ կապված քննիչ հանձնաժողովներ ստեղծի:
Ինքը՝ Գևորգ Պետրոսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց այս լուրը և նշեց, որ բացի դրանից խոսել է նաև այլ հարցերի մասին: Մեր հարցին, թե ինչու է օտարների մոտ խոսել այս ամենից, Պետրոսյանը զարմացավ.
«Եթե խոսքը վերաբերում է խորհրդարանական պատվիրակություններին, ես գտել եմ, որ դա այն խնդիրն է, որը խորհրդարանի գործունեության տիրույթում է, և ոչ միայն այդ հարցն եմ բարձրացրել, նաև բարձրացրել եմ Ընտրական օրենսգիրքը որոշակի չափորոշիչներով կատարելագործելու անհրաժեշտությունը, Հայաստանում խոսքի ազատության իրավունքը…
Եթե իրենք ոչինչ չեն կարող փոխել, բա ինչո՞ւ են եկել մեզ հետ հանդիպման: Իրենք՝ որպես եվրոպական քաղաքական և իրավական մշակույթի կրող, որպես ԵՄ անդամակցող երկիր, եթե մեզ հետ համագործակցում են, դա նշանակում է, որ համագործակցությունը պետք է որոշակի ուղղություն ունենա և որոշակի նպատակների ծառայի:
Բա ի՞նչ պետք է ես իրենց հետ քննարկեի՝ ինչու է աղմկում գե՞տը կամ ինչ են հուշում աստղե՞րը: Կամ կարո՞ղ է ինչ-որ ուտեստի բաղադրատոմս իրենց հետ քննարկեի:
Նաև նշել եմ խոսքի ազատության վիճակը Հայաստանում. համակարգային խուժանությունը այսօր դարձել է իշխող, իսկ դա, ինչպես նաև այլ բաները՝ թե´ դրականը, թե´ բացասականը, վերագրվում են ՀՀ գործող իշխանություններին»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: