Կառավարությունում քննարկվում է Ամանորի տոները կրճատելու նախագիծը. Քանի օր կհանգստանանք․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարությունում բավական ինտենսիվ քննարկվում է Ամանորի տոները կրճատելու մասին նախագիծը, որով նախատեսվում է աշխատանքային օր սահմանել հունվարի 3-5-ը:
Հիշեցնենք, որ ներկայումս գործող օրենքով ոչ աշխատանքային են համարվում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ից 5-ը (նախածննդյան տոներ) եւ հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ եւ Հայտնություն): Նույն օրենքով Սուրբ ծննդյան եւ Հայտնության տոնին հաջորդող օրը՝ հունվարի 7-ը եւս ոչ աշխատանքային է, որպես Հիշատակի օր:
Ի դեպ, սա հինգ տաղավար տոներից միակն է, որի հաջորդ օրը օրենքով սահմանված է որպես Հիշատակի օր:
Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանի կառավարությունն էլ նմանօրինակ մի նախագիծ էր առաջարկել, որը, սակայն, պետաիրավական հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել եւ չէր մտել լիագումար նիստերի օրակարգ։
Իշխանափոխությունից հետո այս թեման՝ Ամանորի տոները կրճատելու նախագիծը, նորից ակտիվացավ, սակայն նախագծին այդպես էլ ընթացք չտրվեց:
Հիմա պատկերն այլ է, եւ կարծես իշխանությունները հետեւողականորեն ցանկանում են առաջ տանել այս գաղափարը, որը ժամանակին հասարակության բուռն քննադատությանն արժանացավ։
Այնպես որ, չի բացառվում, որ առաջիկա Ամանորին ու Սուրբ ծննդյան տոներին հանգստանանք ընդամենը 4 օր։ Դեռեւս պարզ չէ՝ հունվարի 7-ն էլ են դարձնելո՞ւ աշխատանքային, ինչպես մյուս տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիների դեպքում, թե՞ ոչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։