Կառավարությունը 1.9 մլրդ դրամ կհատկացնի, մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու համար
Կառավարությունը 1.9 մլրդ դրամ կհատկացնի, մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու համար։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բնակարանի գնման վկայագրեր կտրամադրի մանկատան շուրջ 300 շրջանավարտների, որոնց նկատմամբ պետությունն ունեցել է նման պարտավորություն՝ սկսած 2003-ից: Այս մասին նախագիծն այսօր հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծի համաձայն՝ իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով ՀՀ մանկատների 300 շրջանավարտների համար կստեղծվեն առավել բարենպաստ բնակարանային պայմաններ, կտրամադրվի հոգեբանական աջակցություն, որի համար, ըստ նախնական հաշվարկների, անհրաժեշտ է 1,900,000.0 հազար դրամ։
Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության տարածքում 6.3 մլն դրամը չգերազանցող բնակարանների ձեռքբերման համար: Սեփական միջոցներ ներդնելու դեպքում՝ ծրագրի շահառուներն իրավունք ունեն ձեռք բերել 6,3 մլն ՀՀ դրամը գերազանցող արժեքով բնակարաններ:
Բացի այդ, որոշման համաձայն՝ ծրագրի շահառուները առաջնահերթության կարգով կընդգրկվեն զբաղվածության պետական ծրագրերում, քանի որ մանկատան շրջանավարտներն աշխատաշուկայում առավել խոցելի են համարվում, քանի որ, հիմնականում, չունեն համապատասխան կրթություն և հմտություններ: