Մամուլ

Կառավարությունը որոշում կայացրեց փակել բոլոր գիշերօթիկ դպրոցները

Կառավարությունը որոշում կայացրեց փակել բոլոր գիշերօթիկները։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց վերանվանել Աշտարակի, Գյումրիի և Արթիկի հատուկ դպրոցները։ Դրանց փոխարեն այսուհետ կգործեն ոչ թե գիշերօթիկ դպրոցներ, այլ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ։

Հատուկ դպրոցներում ներառված երեխաներին նախատեսվում է վերադարձնել կենսաբանական կամ խնամատար ընտանիքներ և ներառել հանրակրթական դպրոցների ներառական կրթության ծրագրերում։

Այս նախագիծն արդեն տևական ժամանակ շրջանառում է պատկան կառույցներում ու հանրության շրջանում։ Ի դեպ, այս երեք դպրոցներից բացի նախատեսվում է վերակազմակերպել նաև Դիլիջանի հատուկ դպրոցը, որի մասին նախագիծը, սակայն, այսօրվա նիստի օրակարգում ներառված չէ։

Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած տվյալների՝ երեխաների խնամքի եւ պաշտպանության չորս գիշերօթիկ հաստատություններում ներառված 260 երեխաներից միայն 20-ի դեպքում է, որ մասնագետները նպատակահարմար չեն համարում նրանց կենսաբանական ընտանիքներ վերադարձնելը։

Այս երեխաներն, ամենայն հավանականությամբ, կտեղավորվեն խնամատար ընտանիքներում։ Նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ գիշերօթիկ հաստատություններում հաշվառված երեխաների շուրջ 92 %-ին ընտանիքներն այստեղ են բերում սոցիալական վատ դրությունից դրդված։

Ի դեպ, 260 երեխաների խնամքի համար 2019 թվականի պետական բյուջեով հատկացվել է շուրջ կես միլիարդ ՀՀ դրամ, ինչը կառավարությունն անարդյունավետ ծախս է համարում։

Նախարարույունը նախատեսում է այդ գումարով մարզերում բացել ցերեկային կենտրոններ, որոնք, մոտավոր հաշվարկով, անհրաժեշտ ծառայություններով կապահովեն շուրջ 4000 երեխաների ու նրանց ընտանիքների։

Կիսվել