Կառավարության աշխատակազմը Սահմանադրություն է մեկնաբանում․ «Պարոն գասպարյանը ազատված է աշխատանքից»․ Մանե Գևորգյան
Կառավարության աշխատակազմը Սահմանադրություն է մեկնաբանում․ «Պարոն գասպարյանը ազատված է աշխատանքից»․ Մանե Գևորգյան
Hraparak.am-ը գրում է․ Վարչական դատարանը՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցով որոշում է կայացրել կիրառել հայցի ապահովման միջոց, այսինքն՝ Գասպարյանը կմնա ԳՇ պետի պաշտոնում, մինչև որ դատարանն այս հարցի վերաբերյալ վերջնական ակտ կկայացնի։ Խոսքը նրան աշխատանքից ազատելու մասին է։ Սակայն վարչապետի աշխատակազմն այսօր «պարզաբանում է տարածել, որով, ըստ էության հայտնել է այն մասին, որ հրաժարվում է կատարել դատարանի որոշումը․
«Դատարանի կողմից, 17.03.2021թ.-ին բավարարվել է հայցի ապահովման միջնորդությունը, որոշվել է` ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է՝ մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:
Հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն համապատասխան ակտը, տվյալ դեպքում՝ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է իրավունքի ուժով: Սահմանադիրը նշված սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի հնարավորություն չի նախատեսել։ Հետևաբար, Օնիկ Գասպարյանը ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է»,- ասված է աշխատակազմի տարածած հայտարարության մեջ, որը վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը մեզ հետ զրույցում անվանեց «պարզաբանում»։
Մենք Մանե Գևորգյանին հարցրինք՝ արդյոք սա չի՞ նշանակում, որ վարչապետը հրաժարվում է կատարել դատարանի որոշումը․
«Սահմանադրությունը շատ ավելի բարձր է, ոչ դատարանն է դա որոշում, ոչ ես եմ դա որոշում, ոչ Դուք եք դա որոշում, կա Սահմանադրություն և ըստ Սահմանադրության՝ իրավունքի ուժով պարոն Գասպարյանը համարվում է ազատված իր պաշտոնից»,- պատասխանեց վարչապետի խոսնակը։
Բայց չէ՞ որ Սահմանադրությունը Սահմանադրական դատարանն է մեկնաբանում, Դուք ինչո՞ւ եք Սահմանադրությունը մեկնաբանում և որոշում, որ այն ավելի բարձր է, իսկ դատարանի որոշումն էլ հակասում է Սահմանադրությանը․
«Սահմանադրությունը ես չեմ մեկնաբանում, ես ասում եմ, որ Սահմանադրության այդ կետը, որով իրավունքի ուժով պարոն Գասպարյանն ազատված է համարվում, դրան ես ոչ կարող եմ ավելացնել, ոչ կարող եմ մեկնաբանել այնպես, ինչպես ես եմ ցանկանում, և ոչ էլ որևիցե մեկը դա կարող է մեկնաբանել, և տարածված պարզաբանմանը որպես այդպիսին ավելացնելու բան չունեմ»,- պատասխանեց վարչապետի խոսնակը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում