«Կամ իմ հետ պիտի աշխատես, կամ դու էլ ոչ մի բան չունես». գյուղապետը պնդում է՝ Գագիկ Ծառուկյանը խլել է իր բիզնեսը
«Կամ իմ հետ պիտի աշխատես, կամ դու էլ ոչ մի բան չունես». գյուղապետը պնդում է՝ Գագիկ Ծառուկյանը խլել է իր բիզնեսը։
Արարատի մարզի Հովտաշատ համայնքի ղեկավար Հովիկ Թադեւոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում երեկ աղմկահարույց հայտարարություններ է արել՝ պնդելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խաբեությամբ եւ սպառնալով խլել է իրեն պատկանող ձկնաբուծարանները: Մասնավորապես, ըստ Թադեւոսյանի՝ Ծառուկյանն իրենից պահանջել է ստորագրել բաժնեմասն իրեն փոխանցելու փաստաթղթի տակ՝ սպառնալով. «Մի բան չես ունենա, քարը քարի վրա չեմ թողնի»:
Շաբաթներ առաջ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի ներկայացուցիչը հայտարարել էր, թե մի խումբ մարդիկ ներխուժել են 100 տոկոսով Սեդրակ Առուստամյանին պատկանող ձկնաբուծարանի տարածք ու փորձել ձուկ գողանալ։ Ըստ Առուստամյանի ներկայացուցչի՝ երբ փորձել են թույլ չտալ, քաշքշուկ է եղել: «Մուլտի գրուպ»-ի ներկայացուցիչն ահազանգել էր ոստիկանություն: «Ձուկ գողացողները», որոնց մասին խոսել է Առուստամյանի ներկայացուցիչը, գյուղապետի մարդիկ են եղել: Նրանք փորձել են լճերից ձուկ դուրս բերել՝ տեղափոխելով իրենց պատկանող այլ լճեր՝ «բտման»:
Երեկ կրկին նույն բանն է տեղի ունեցել: Հովիկ Թադեւոսյանի ներկայացուցիչները նորից փորձել են ձուկ դուրս բերել, Ծառուկյանի ներկայացուցիչները կրկին խոչընդոտել են: Այս կապակցությամբ էլ գյուղապետն ահազանգել է իրավապահ մարմիններին:
«Մենք նամակ ենք գրել ՀՀ վարչապետին, դիմել ենք գլխավոր դատախազություն, ՀՔԾ՝ հաղորդում ներկայացրել հանցագործության մասին»,- երեկ մեր զրույցում ասաց Թադեւոսյանը՝ հավելելով՝ հաղորդման մեջ նշել են, որ բռնի ուժով տիրացել են իրենց ունեցածին, սեփականությանը:
Ստացվում է, որ Ծառուկյանի ներկայացուցիչները պնդում են, թե այդ ձկնաբուծարաններն իրենցն են, իսկ Հովտաշատի գյուղապետը՝ հակառակը, որ դրանք իրեն են պատկանում: Մեր այցելության պահին Ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները ձկնաբուծարանի տարածքում աշխատանքներ էին իրականացնում, որից հետո իրենց հետ բաժին տարան ձկնաբուծարանների տարածքի ներկայիս տնօրենին՝ Արայիկ Քեսոյանին: Վերջինս ավելի ուշ ՀԺ-ի հետ զրույցում պատմեց, թե ինչու էր հրավիրվել ոստիկանություն եւ ինչ է պատմել այնտեղ:
Մինչ այդ ներկայացնենք Հովտաշատի գյուղապետ Հովիկ Թադեւոսյանի հետ մեր զրույցը, որում ձկնաբույծը բացատրել է, թե ինչպես է ստացվել, որ 2010-ին ամբողջությամբ իրեն պատկանող տարածքը 2016-ին արդեն սկսել է պատկանել Սեդրակ Առուստամյանին:
Ասաց՝ այդ հսկայական տարածքում, որ երեւում է, ամեն քար ու փայտ ինքն է ստեղծել, 2010 թվականին: Այդ ամենն արել է մի գործընկերոջ հետ, որի ազգանունը Շաքարյան է: Կարճ ժամանակ անց Շաքարյանը վաճառել է իր բաժնեմասը, եւ, Թադեւոսյանի հավաստմամբ, ինքը դարձել է 100 տոկոսի բաժնետեր: «Այդ ժամանակահատվածում հայտնվեցին Հովիկ Աբրահամյանն ու Ծառուկյանը: Հայտնվել ասելով՝ եկան լճեր, թե՝ բա, եթե ուզում ես, որ հզոր լինես, լավ լինես, մեջքիդ լինենք՝ ֆինանսական, ամեն ձեւի, եկեք իմ հետ համագործակցեք, աշխատենք, ես նենց կանեմ, որ Հայաստանում կլինենք համար առաջինը: Էդքան էլ իմ սրտով չէր, ասացի՝ մենք տարբեր մարդիկ ենք, դուք՝ հզոր, ես՝ սովորական, անհամատեղելի է մեր աշխատանքը»,- մեզ հետ զրույցում պատմեց Թադեւոսյանը՝ հավելելով, որ ավելի ուշ, այնուամենայնիվ, իրեն համոզել են:
Այսպիսով, ձկնաբուծարանների 34 տոկոսը փոխանցել են Ծառուկյանին, 33-ականը՝ Թադեւոսյանին ու Ծառուկյանին խնամի, այդ ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի որդուն: Բաժնետոմսերի դիմաց Ծառուկյանը խոստացել է խոշոր ներդրում անել ձկնաբուծարանում:
Նա, սակայն, ըստ Թադեւոսյանի, իր խոստացածի ընդամենը 30 տոկոսն է ներդրել՝ ասելով, թե ֆինանսական ճգնաժամ է աշխարհում, ներդրումներ չեն կարող անել:
«Մեր գործողությունները, փաստորեն, հենց սկզբից սխալ սկսվել էին, բայց դե լուծը վերցրել էինք, ասեցինք՝ տանենք: Ուրիշ բան չէինք էլ կարող անել»,- ասաց նա: Հարցին՝ ստիպո՞ւմ էին՝ Թադեւոսյանը պատասխանեց. «Շարունակենք, էլի: Շարունակենք, հա՞»:
Այս ընթացքում, (2012 թ.) Թադեւոսյանը գյուղապետ է ընտրվել: Հովտաշատի ձկնաբուծարանի աշխատանքին զուգահեռ Ջոնիկ Աբրահամյանի ու Գագիկ Ծառուկյանի հետ ստեղծել են մի շարք այլ ընկերություններ («Մխչյան ֆիշ ֆուդ», «Մխչյան ֆիշ» եւ այլն), բոլոր տեղերում հանդիսանալով հավասար բաժնետերեր: Բացի այս հավասար բաժնեմասային ընկերություններից, ըստ Թադեւոսյանի, ինքն ու Ջոնիկ Աբրահամյանն այլ տարածքներում էլ են ձկան բիզնեսով զբաղվել, ինչին, ըստ նրա, Ծառուկյանը խանդով է վերաբերվել: «Ինձ հոպարի տղա էին ասում…կանչեցին Ծառուկյանի այգի: Ծառուկյանն ինձ հետ զրուցեց, թե դուք իրավունք չունեք, բիզնեսի օրենքներով էդպիսի բան գոյություն չունի, որ եթե մենք երկուսով ձուկ ենք պահում, դու էլ առանձին ձուկ պահես: Դե, ասում եմ, դուք դեռ ձուկ չէիք պահում, այդ տնտեսությունը գոյություն է ունեցել, այնպես չէ, որ ես էս տնտեսությունը ձեռք եմ բերել ձեզ հետ ծանոթանալուց հետո: …Ասեց՝ բա, տենց բան չի կարա լինի…
Մի 15 րոպե հետո Ջոնիկին կանչեց, բա, դու շատ բան չխոսես, ես իրենց հետ հարցեր ունեմ: Նույն պատմությունը, ինչ իմ հետ էր խոսում, նույնը նրա հետ իմ ներկայությամբ է խոսել. ասում էր՝ ես ձեր տեղը փող եմ դրել, էս եմ արել, էն եմ արել, դուք ինչ իրավունք ունեք, դրել եք, թազա լճեր եք սարքում… Մի խոսքով, Ջոնիկին ասեց՝ պիտի դուրս գաք խաղի միջից, սարքել եք, գնացեք ձեր համար ձեր գործողություններով զբաղվեք: Ջոնիկը համաձայնեց. ես չգիտեմ, պայմանավորված են եղել, թե չէ, հեշտությամբ համաձայնեց, որ՝ այո՛, ես դուրս կգամ: Բաժնեմասը գնեց մեր համատեղ ընկերությունը՝ «Էկոֆիշ թրեյդը»: Ծառուկյանն իր գրպանից ո՛չ իմ ներկայությամբ, ո՛չ էլ փաստաթղթերով գումար չի տվել Ջոնիկին»,- շարունակեց պատմել գյուղապետը՝ հավելելով, թե Ջոնիկ Աբրահամյանից հետո հասել է նաեւ իրենից ազատվելու հերթը: Առաջարկել են բաժնետոմսերը դարձնել 50/50, այսինքն՝ նաեւ Աբրահամյանի մասն իրենց անվան վրա գրանցել:
«Ասացի՝ դե, հիմա ինչ կարամ անեմ, ենթադրենք՝ առյուծների ձեռքն եմ ընկել, ոչ էն ա՝ հրաժարվես, ոչ էն ա՝ չհրաժարվես: Համաձայնեցի, ասացի՝ բերեք անենք 50/50, խնդիր չկա: Մեր ներքին աուդիտով մենք այս տնտեսությունը գնահատեցինք մոտ 1 միլիոն դոլարի կարգի գումար՝ ձկով եւ իր շինություններով, ինքն էլ դրա դիմաց ներդրում կատարեց, որ էս տնտեսությունը, այսինքն՝ մենք շարունակենք մեր աշխատանքները»,- բացատրեց Հովիկ Թադեւոսյանը: Այնուհետեւ, ըստ նրա՝ Ծառուկյանն իր ղեկավարած «Մուլտի գրուպի» աշխատակիցներին ուղարկել է՝ ընկերությունում աուդիտ անելու եւ պայման է դրել, որ մինչեւ աուդիտը «պիտի էդ ամբողջ ունեցվածքը ձեւակերպվի» Սեդրակ Առուստամյանի անունով:
Երբ Թադեւոսյանն ընդդիմացել է, Ծառուկյանը, նրա խոսքով, այսպես է հիմնավորել իր պնդումը. «Ես խնամուս ձեռքից խլել եմ բաժնեմասը, հիմա որ դու իմ անունով չձեւակերպես, ես իմ խնամիների հետ խնդիրներ կունենամ: Այսինքն, որ իբր քո ձեռքից էլ եմ խլում»:
Թադեւոսյանն ասել է, որ համաձայն չէ. «Ասեց՝ (Ծառուկյանը-խմբ.) ամեն ինչ կանեմ: Մի բան չես ունենա, քարը քարի վրա չեմ թողնի: Դա Ծառուկյանի ամենահզոր ու անպատժելի ժամանակաշրջանն էր՝ 2016 թվականին: Երեւի ավելի լավ գիտեք, թե ինչ կապ կար իշխանությունների հետ, Ծառուկյանն ինչ առավելություն ուներ մնացած բոլոր բիզնեսմենների հետ, ինչ կարար աներ, ինչ չէր կարա: Ստիպողաբար, ոտի վրա, լճերում փաստաթուղթը բերեցին ստորագրելու: Բա, ես 2 ամիս հետո էտի հետ կվերադարձնեմ, ես շան տղա չեմ, Ծառուկյանն իր խոսքի տերն ա, իրա խոսքը գործ ա, հոպարի տղա, դու պրոբլեմ չունես եւ այլն, մի վախեցի, բան չկա»,- Թադեւոսյանին սպառնացել-համոզել է Գագիկ Ծառուկյանը:
Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։