Մամուլ

Կալանավորվել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը

Կալանավորվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը, ըստ փաստաբանդ Երվանդ Վարոսյանի՝ յուրացման մեղադրանքով. այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Հիշեցնենք, անցած տարվա հուլիսին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ձերբակալել էր Վարդանյանին, պնդելով՝ վերջինս խոստովանել է, որ հիմնադրամի միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, դրանք ուղղելով նաև տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Անցած տարի Վարդանյանը գրավով ազատ էր արձակվել:

Օրեր անց հրաժարական ներկայացնելով «Հայաստան» հիմնադրամի տնօրենի պաշտոնից՝ նա հաղորդագրություն էր տարածել, որում ներողություն էր խնդրում ժողովրդից, «Հիմնադրամի բոլոր նվիրատուներից` մեծ ու փոքր, թոշակառու և խոշոր բարերար, աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներից, Հիմնադրամի բոլոր նվիրյալներից»:

արա վարդանյան

Երեկ նոր մեղադրանքի շրջանակում Վարդանյանի կալանավորվելուց հետո փաստաբան Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն, որ գրավի որևէ պայման չխախտած անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվում կալանավորումը, ակնհայտ է դարձնում, որ այս ամենի պատճառն Արա Վարդանյանի հասարակական-քաղաքական հրապարակային գործունեությունն է»։

Այսօր «Ազատության» հարցին՝ թե կոնկրետ ի՞նչ գործունեության մասին է խոսքը, Վարոսյանն արձագանքեց․ – «Արա Վարդանյանը այս մեկ տարի երեք ամսվա ընթացքում աչքի ընկավ իր կարծիքը չթաքցնելով, աչքի ընկավ նաև իշխանությունների սուր քննադատությամբ, ինչը ակնհայտորեն իրեն չներվեց: Երբ որ ես ասում եմ, որ սա ուղղակիորեն կապված է իր հասարակական-քաղաքական գործունեության հետ, պատճառը մեկն է՝ եթե չկա այլ որևէ իրավական հիմնավորում նրա, որ այսօր Արա Վարդանյանը անազատության մեջ է, ես այլ պատճառ գտնել ուղղակի չեմ կարող»:

Փաստաբանը նաև պնդեց, թե «էդ յուրացման մեղադրանքը շատ ավելի ծիծաղելի է, քան նրան նախկինում առաջադրված մեղադրանքները, բայց անգամ եթե այդ մեղադրանքը համարենք, որ ինչ-որ փաստերի վրա հիմնված էլ լիներ, մեկ տարի երեք ամիս ընտրված խափանման միջոցի պայմանները չխախտած, որևէ կերպ խախտելու փորձ անգամ չկատարած անձի նկատմամբ կալանավորումը ընտրելը՝ այսքան տևական ժամանակ հետո, ինքը օրինականության մեջ որևէ կերպ չի կարող տեղավորվել»:

Վարոսյանը հաստատեց, որ Վարդանյանը երեկվանից կալանավորված է, որ իրենք պատրաստվում են բողոքարկել այդ որոշումը՝ «բնականաբար»:

Աղբյուր՝ azatutyun.am

Կիսվել