Մամուլ

Ծեծկռտուք Երևանի «Սքայ» սուպերմարկետի մոտ, հիվանդանոց տեղափոխվածն ու կասկածյալը նույն սուպերմարկետի աշխատողներն են

Ծեծկռտուք Երևանի «Սքայ» սուպերմարկետի մոտ, հիվանդանոց տեղափոխվածն ու կասկածյալը նույն սուպերմարկետի աշխատողներն են

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 25-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։

Այդ օրը, ժամը 19։00-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների 08 խումբը Արմենակյան փողոցից «ԳՈՒՎ հարցականով, կզակի և աջ հոնքային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի և ոստիկանության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, իսկ հիվանդանոցում հայտնել է, որ ինքը վնասվածքը ստացել է Արմենակյան փողոցում վայր ընկնելու հետևանքով։

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, ինչի արդյունքում նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Մարի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազիորները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 25-ամյա Ա. Բ-ն է։

Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 18։10-ի սահմաններում Արմենակյան փողոցում գործող «Սքայ» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 17-ամյա Գ. Գ-ի միջև, որի ժամանակ Ա. Բ-ին պատճառվել է մարմնական վնասածք:

Ոստիկանները տաք հետքերով Նոր Մարաշ վարչական շրջանում հայտնաբերում են Գ. Գ-ին, ով մարմնական վնասվածք հասցնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կետրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվում է վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Բ-ն և Գ. Գ-ն աշխատում են «Սքայ» սուպերմարկետում՝ որպես վաճառող-խորհրդատու։

Կիսվել