Խորհրդարանի լուծարման մեկնարկը տրված է
1in.am-ը գրում է․ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր չի մասնակցել Սարդարապատում Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը պարզաբանում է տարածել այս կապակցությամբ: «Նախորդ տարիներին ՀՀ Ազգային ժողովը, որպես իշխանության ճյուղ, արարողակարգի համաձայն միջոցառմանը հրավիրված է եղել ամբողջ կազմով։ Այս տարի դրսևորվել է այլ մոտեցում։
Որպես ԱԺ մարմինների ղեկավարներ չեն հրավիրվել հանձնաժողովների նախագահները։ Չեն հրավիրվել Ազգային ժողովի փոխնախագահները և չի հրավիրվել Ազգային ժողովի նախագահը։ Իսկ Արա Բաբլոյանը հրավիրվել է միայն որպես ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությանը հատկացված ընդամենը երեք պատգամավորների շարքում։ Ավելին, երբ Ազգային ժողովի աշխատակազմը փորձել է ճշտել ԱԺ նախագահի մասնակցության արարողակարգը, հաշվի առնելով, որ միջոցառման պաշտոնական մասը միշտ իրականացվել է եռյակի մասնակցությամբ՝ Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի, ԱԺ աշխատակազմին հայտնել են, որ այս տարի Ազգային ժողովի նախագահը չի լինելու նշված եռյակում։
Այսպիսով՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը գտնում է, որ իշխանության առանձին ճյուղի, օրենսդրի նկատմամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք»,- հայտարարել է նա։ Այսպիսով` տոնական միջոցառումների տողատակում տեղի է ունեցել նշանային մի իրադարձություն, որը խորհրդանշորեն ազդարարում է գործող խորհրդարանի լուծարման մեկնարկը:
Նյութի աղբյուրը՝ 1in.am