Խոշոր ավտովթար Հրազդանի «Գայի պոստի» մոտ․ մորն ու 2 երեխաներին վիրավոր վիճակում հայտնաբերել են պարեկները և տեղափոխել հիվանդանոց
Խոշոր ավտովթար Հրազդանի «Գայի պոստի» մոտ․ մորն ու 2 երեխաներին վիրավոր վիճակում հայտնաբերել են պարեկները և տեղափոխել հիվանդանոց
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 21:50-ի սահմաններում Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս՝ ժողովրդին հայտնի Հրազդանի նախկին «Գայի պոստի» մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել այն և գլխիավայր հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում, դեռևս անհայտ հանգամանքներում վթարի է ենթարկվել և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինն օգնության են հասել այդ պահին նշված վայրով աշխատանքից տուն վերադարձող ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Էդվարդ Մկրտչյանը, Արթուր Սողոմոնյանը և Արամ Սաֆարյանը:
Պարեկները, չսպասելով շտապօգնության ժամանմանը, իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ եղած անհրաժեշտ պարագաներով առաջին բուժօգնություն են ցուցաբերել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կնոջն ու երկու անչափահաս երեխաներին, ապա տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: Հիվանդանոցի բակում հավաքված վիրավորների հարազատներն ասում էին.
«Այս պահին չգիտենք, թե ինչն է եղել ավտովթարի պատճառը, բայց սրտանց ուզում ենք մեր շնորհակալությունն ու երախտիքի խոսքն ուղղել այն երեք պարեկներին, ովքեր շատ արագ նախ առաջին բուժօգնություն են ցուցաբերել մորն ու նրա երկու երեխաներին, ապա տեղափոխել հիվանդանոց:
Հրազդանի բիշկներն էլ ինչ հնարավոր է արել են: Երեխաներին ռեանիմոբիլով տեղափոխեցին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Բժիշկներն էլ մեզ ասում էին, որ եթե երեխաներին ու մորը օգնության ձեռք մեկնողները ժամանակին չհասնեին նրանց օգնության, ապա գուցե ավելի ծանրանար նրանց վիճակը: Մենք տեսանք նաև, թե պարեկների հագուստներն ինչպես էր արյունոտվել, հավանաբար վիրավորներին գրկած էին տեղափոխել հիվանդանոց»: