Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Hyundai-ն ու BMW-ն, վերջինն էլ բախվել է ծառին․ կան վիրավորներ․ BMW-ի վարորդը դեպքի վայրը լքել է
Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Hyundai-ն ու BMW-ն, վերջինն էլ բախվել է ծառին․ կան վիրավորներ․ BMW-ի վարորդը դեպքի վայրը լքել է
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մարտի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Վ․ Վաղարշյան – Ա․ Խաչատրյան փողոցների խաչմերուկում բախվել են դեռևս անհայտ վարորդի կողմից վարած BMW մակնիշի 08 UF 080 համարանիշի և Երևանի բնակիչ 36-ամյա Արթուր Մարտիրոսյանի վարած Hyundai մակնիշի 43 QQ 555 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ Hyundai-ի վարորդ Ա․ Մարտիրոսյանն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչ 26-ամյա Ժաննա Չ․-ն և Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Մարիա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Վահրամ Սարդարյանն ու կրտսեր պարեկ Արթուր Արզումանյանը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով՝ BMW-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել ծառին։
Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են BMW-ի սեփականատիրոջ և դեպքի վայրը լքած վարորդի ինքնությունը։