Խոշոր ավտովթար Արշակունյաց պողոտայում. կան վիրավորներ
Խոշոր ավտովթար Արշակունյաց պողոտայում. կան վիրավորներ
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։45-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են Volvo XC 90 մակնիշի և Lexus մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 մեքենաները հայտնվել են ճանապարհի մեջտեղում։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվ են գործել նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վիրավորներից մեկին էլ քաղաքացիներն իրենց ավտոմեքենայով են տեղափոխել հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Ազատ Հակոբյանը, Արթուր Հակոբյանը և Սասուն Սարգսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա, ինչ պարեկներին հաջողվում է։
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։