«Խնդրում եմ ներեք, որ ճշմարտությունն ասելու համար ստիպված եմ մեղանչել»․ Շահեն Հարությունյան
Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այո՛, Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։
Հույն փիլիսոփա Արիստոտելի այս խոսքերով միտքս սկսեմ շարադրել, որը թեև ասվել է դեռևս Ք.ա. 4-րդ դարում, սակայն շարունակում է մնալ մարդկության առաջընթացի հիմնական գրավականներից մեկը, որը ցավոք սրտի առ այսօր բացակայում կամ գրեթե բացակայում է հայ ժողովրդի կյանքում։
Ցանկանում եմ երկու կարևոր դեպքի մասին խոսել։ Երկու դեպքերում էլ խոսքը վերաբերվում է քաղաքական գործիչներին՝ մի դեպքում՝ ներկա իշխանությանը, իսկ մյուս դեպքում՝ նախորդին։
Ես միայնակ իվիճակի չեմ Հայաստանի բոլոր անկյուններում պայքարել հանուն ճշմարտության, բայց չեմ էլ կարող լռել այն դեպքերում, որոնց ականատեսն ու մասնակիցն եմ լինում։
Պարզաբանեմ միտքս.
Գրում եմ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ իմ լավ բարեկամ և պայքարի ընկեր՝ Մարիամ Փաշինյանի ծննդյան միջոցառման մասին։
Մամուլում նրա ծննդյան միջոցառման հետ կապված, ամեն տեսակ սուտ, կեղծիք ու զրպարտանք կարդացի այդ միջոցառման մասին։ Ամեն տեսակ հերյուրանք, որը ծառայեցնում էին քաղաքական շահարկումների համար։
Ես լինելով այնտեղ՝ բնականբար չեմ կարող լռել և չասել ճշմարտությունը։ Ծննդյան արարողությունը շատ համեստ էր և փաստում եմ, որ մամուլում տեղ գտած նյութերը ամբողջովին սուտ էր ու ստոր չափազանցություն։
Իսկ հիմա պատմեմ մի դեպք՝ կապված նախորդ իշխանությունների ներկայացուցիչներից մեկի՝ Արփինե Հովհաննսիյանի հետ։
Օրերս առիթ եղավ հանդիպելու Արփինե Հովհաննիսյանի հետ։ Խոսակցության ընթացքում նեղսրտած ասաց ինձ.
«Շահեն՛, դու ես Հաց Բերողի ազատության համար ու մահից հետո բողոքի ցույցեր կազնակերպել, դու բավականին տեղյակ ես, որ նրա մահվան մեջ ես ի պաշտոնե և անձնապես մեղավորություն չունեմ։ Բայց ինձ մինչև այսօր սուտ ու կեղծ զրպարտում են՝ նրա մահվան համար»։
Ես լավ եմ հիշում թե ինչպես կազմակերպերպեցի ցույցերը, որի համար հետագայում դատարանի առաջ էլ կանգնեցի։
Ես լավ եմ հիշում իմ առաջ քաշած պահանջները՝ գլխավոր դատախազի՝ Արթուր Դավթյանի, և արդարադատության նախարարի՝ Արփինե Հովհաննսիյանի հրաժարականները, ինչպես նաև բոլոր մեղավորների պատժումը։
Սակայն առաջին այդ շոկային օրվանից հետո, ոչ միայն իրավաբանները բացատրեցին ինձ, որ արդարադատության նախարարը որևէ լիազորություն չուներ Արթուր Սարգսյանին ազատ արձակելու, այլ նաև հայրս հետախոսով ինձ բանտից ասաց.
«Շահեն ջան, արդարության նախարարի հրաժարականը կոնկրետ Արթուր Սարգսյանի հարցով արդարացի չի։ Կարելի է ասել, որ արդարադատության նախարարը ի պաշտոնե «պահեատապետի» գործառույթ ունի և իրավասու չէ որևէ մեկին բանտարկել կամ ազատել»։
Ըստ էության արդարադատության նախարարը կարող էր միջնորդել առողջական խնդիրների համար, ինչն էլ նա արել էր։
Ու ես այդ ցույցերի ժամանկ հեռացրեցի արդարադատության նախարարի հրաժարականի պահանջը։
Եթե նա մեղք ունի, ապա նույնքան մեղք ունի մշակույթի կամ սպորտի նախարարը, կամ արտաքին գործերի նախարարը՝ որպես մի իշխանություն, որի օրոք քաղաքական դրդապաճառներով հացադուլից անմիջապես հետո մահացավ Արթուր Սարգսյանը։
Երբեմն ինքնս էլ նեղսրտում եմ, որ ստիպված եմ լինում ճշմարտությունը պաշտպանել բոլորից և յուրաքանչյուրից՝ հաճախ էլ անձնապես անարդարացիորեն տուժելով։
Բայց հետո ինքս ինձ մխիթարում եմ, որ գուցե ճշմարտության համար պայքարը տրված է ինձ ճակատագրից, որն էլ փորձելու եմ կրել ողջ կյանքում՝ ազնիվ և արժանապատվորեն։
Հ.Գ.1. Նժդեհի խոսքերը մի քիչ փոփոխելով, ուզում եմ ասել.«Խնդրում եմ ներեք, որ ճշմարտությունն ասելու համար ստիպված եմ մեղանչել այսօրվա քաղաքական նպատակահարմարության դեմ»։
Հ.Գ.2. Շատ կուզենամ, որ Հայաստանի քաղաքական դաշտից վերանա անձնական վիրավորանքները, ընտանիքի և հարազատների նկատմամբ ատելությունը և սառնալիքները։ Այն, ինչը որ ես ճաշակել եմ 14 տարեկանից, չեմ ցանկանա ոչ մեկին»։