Խիստ կարևոր խնդրին անդրադառնամ․ խոսքը ամանորյա գիշերի մասին է․ Օլեգ Դուլգարյան
Խիստ կարևոր խնդրին անդրադառնամ․ խոսքը ամանորյա գիշերի մասին է․ Օլեգ Դուլգարյան
«Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Խիստ կարևոր խնդրին անդրադառնամ. խոսքը ամանորյա գիշերը դեռահաս/երիտասարդական խմբերի կողմից մաշված անվադողերի այրման գործընթացի մասին է, որը շրջակա միջավայրին վնաս հասցնելուց զատ ծայրահեղ վտանգավոր է այրող երեխաների առողջության համար, ու ելնելով իմ դիտարկումներից, դա ոչ ՏԻՄ-երին է պատշաճ հուզում, ոչ էլ համայնքային առողջապահական հաստատություններին, այլապես այս վիճակը չէր լինի։
Միայն Ալավերդի-Ախթալա ճանապարհին ամսի 31-ին, ամանորյա կեսգիշերին ընդառաջ ֆիքսեցի չորս այդպիսի այրման «ծիսակատարություններ» դեռահաս-երիտասարդական կուտակումներով, եւ դա միայն ճամփեզրերին, պատկերացնո՞ւմ եք դրանց քանակները ճամփեզրերից դուրս, բնակավայրերում ինչ թվերի կարող են հասնել։
Շատ մերձ կանգնած դեռահաս/երիտասարդները կորած էին այդ ծխերի մեջ, և բնականաբար արդեն իսկ թունավորում են տարել առանց դա հասկանալու, քիմիական մասնիկները, որոնք հանգրվանել են նրանց օրգանիզմում, արդեն իսկ երաշխավորում են հետագա բացասական հետևանքները։
Այո, հնարավոր է ծնողները տեղյակ չեն կամ էլ չեն գիտակցում դրա վտանգավորության աստիճանը, ինչպես իրենց երեխաները, բայց որտե՞ղ են ՏԻՄ-երը, առողջապահական հաստատությունները իրենց բացատրական քարոզարշավներով, ի վերջո՝ որտե՞ղ են պարեկները։ Չկան։ Իսկ երեխաները շարունակում են վնասել իրենց առողջությանը, և վնաս է հասցվում շրջակա միջավայրին։
Այս խնդիրը հաստատապես լուծելի խնդիրների շարքում է, և այստեղ հեղափոխություններ պետք չեն, այլ ուղղակի գիտակցություն, ուշադրություն, հոգատարություն, ոչ ավելին։
Երևույթը հասարակության լայն ուշադրության կարիքը ունի, ոչ միայն հանուն կլիմայի, այլ նաև երեխաների առողջության»։