Տեսանյութ

Խաշի, ղափամայի և այլ ուտեստների համ ու հոտով՝ CNN-ի ռեպորտաժը Հայաստանից․ Տեսանյութ

CNN-ի հաղորդավոր Էնթոնի Բուրդենի «Parts Unknown» հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված է Հայաստանին, գրում է Eater.com-ը:

«Բուրդենն իր որոշ թողարկումներ լրացնում է խոհարարական արվեստով, սակայն Հայաստանի մասին իր թողարկումն այլ է: Իր պատմությունը նա չի մոռանում լրացնել խաշի, ղափամայի և այլ ուտեստների համ ու հոտով: Այդուհանդերձ, նա կանգ է առնում այդ երկրի բարդ պատմության վրա»,- գրում է պարբերականը:

Թղթակցին ուղեկցել է Սերժ Թանկյանը՝ աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մեներգիչը: Պարբերականը նշում է, որ Թանկյանի, ինչպես և շատ հայերի նախնիները, լքել են հայրենիքը Ցեղասպանության տարիներին:

«Ողջ աշխարհի հայերն ամուր կապ ունեն հայրենիքի հետ»,- ասում է Բուրդենը:

«Հայաստանը դա միայն Ազնավուրն ու Ցեղասպանությունը չեն: Այստեղ ես համտեսեցի ամենահամեղ ուտեստները՝ գառան միս Երևանի ռեստորաններից մեկում և խաշ՝ Դիլիջանի տներից մեկում»,- նշում է Բուրդենը:

Բուրդենն ու Թանկյանը Դիլիջանում երթևեկել են «Волга» մակնիշի սովետական մեքենայով: Երևանում նա լսել է նաև պատմություններ խորհրդային ժամանակաշրջանի կյանքի մասին:

Բուրդենը եղել է նաև Արցախում: Արցախից վերադառնալուց հետո Բուրդենն իմացել է, որ իրեն «Persona non grata» են ճանաչել Ադրբեջանում: «Միայն նրա համար, որ ես այցելեցի Արցախ, ինձ անցանկալի անձ ճանաչեցին»,- բացատրում է նա:

Աղբյուր՝ mamul.am

Կիսվել