«Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մեր քաղաքական հարաբերություններն ավարտվեցին 2012-ին, ոչ մի կապ ընդհանրապես չկա». Փաշինյան (Տեսանյութ)
Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մեր քաղաքական հարաբերություններն ավարտվեցին 2012-ին, ոչ մի կապ ընդհանրապես չկա․․․ Երեկ, ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին: Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի լրագրող Մարինա Պերևոզկինան հարցրել է.
-Պարոն վարչապետ, մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ Դուք բավականաչափ մոտ եք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, իսկ ոմանք Ձեզ անվանում են Տեր-Պետրոսյանի նոր վերամարմնավորում՝ հայկական քաղաքականության մեջ: Կարո՞ղ եք պատմել առաջին նախագահի հետ Ձեր իրական հարաբերությունների մասին: Դուք բարեկամական հարաբերություններ ունե՞ք: Ինչպիսի՞ն են այժմ ձեր փոխհարաբերությունները: Շարունակո՞ւմ եք կապ պահպանել միմյանց հետ: Արդյո՞ք նա որևէ դեր խաղացել է Ձեր քաղաքական ձևավորման գործում: Ի՞նչ ազդեցություն է նա ունեցել։
-Ուշադիր նայեք ինձ և ասեք՝ ես նմա՞ն եմ ինչ-որ մեկի վերամարմնավորմանը: Ես ընդհանուր առմամբ հասարակական քաղաքական գործիչ եմ, և չափահաս տարիքից, փաստացի՝ 16 տարեկանից, ես ապրում եմ հասարակական կյանքով, որովհետև սկզբում ես աշխատել եմ որպես լրագրող, և 1991 թվականից ի վեր Դուք կարող եք հետևել այն ամենին, ինչ ես արել եմ, փաստացի, ամեն օրվա քայլերին կարող եք ծանոթանալ:
Այսինքն՝ ես ի նկատի ունեմ, որ անհնար է, որպեսզի ես ունենայի որևէ ստվերային կապեր, որոնց մասին մեր հասարակությունը տեղեկացված չլիներ: Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մեր քաղաքական հարաբերություններն ավարտվեցին 2012-ին, և դա հրապարակավ արձանագրվեց: Ոչ թե օրը եկավ, և մենք ասացինք, որ վերջ, մեր քաղաքական հարաբերություններն ավարտվում են:
Դա բավականին երկար և հրապարակային գործընթաց էր: Ես գրել եմ մի շարք հոդվածներ 2011-ի վերջին, և դրանից հետո՝ 2012-ին, մենք խզեցինք բոլոր քաղաքական կապերը: Դրանից հետո ես սկսեցի իմ քաղաքական նախաձեռնությունը, և փաստացի ես ո՛չ գաղափարական, ո՛չ կազմակերպչական և ո՛չ էլ քաղաքական կապ չունեմ Տեր-Պետրոսյանի հետ: Ոչ մի կապ ընդհանրապես: Եվ հիմա էլ չունեմ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում