Լրտեսության մեջ մեղադրվողներից մեկը պատերազմից հետո պարգևատրվել է
Լրտեսության մեջ մեղադրվողներից մեկը պատերազմից հետո պարգևատրվել է
Hraparak.am-ը գրում է․ ԱԱԾ-ն օրերս հաղորդագրություն տարածեց, որ ձերբակալվել են շուրջ 19 զինծառայողներ` պետական դավաճանության մեղադրանքով: Ըստ հաղորդագրության՝ նրանք գումարի դիմաց լրտեսությամբ են զբաղվել, ֆեյսբուքյան օգտատերերի կողմից հավաքագրվելով։ Վերջիններիս են տրամադրել իրենց զորամասերի թվակազմի, զինատեսակների, դասավորության մասին տեղեկություններ։
Մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ ձերբակալվածներից մեկը Շիրակի մարզից է: Մենք պարզեցինք, որ այդ անձը կոչումով փոխգնդապետ է, Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի բնակիչ: Պեմզաշենի բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ փոխգնդապետը 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված և հայրենիք վերադարձած գերիներից մեկի հորեղբոր տղան է:
Ինքը՝ փոխգնդապետը, նույնպես մասնակցել է 44-օրյա պատերազմին, անգամ պարգևատրվել է Արիության մեդալով: Գյուղում բոլորն իմացել են այս մեղադրանքի մասին, քանի որ վերջերս ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Պեմզաշենում գտնվող նրա տանը: Չնայած նա երկար տարիներ՝ ընտանիքի հետ միասին, բնակվում է Վայոց ձորի սահմանամերձ գյուղերից մեկում:
Մենք չենք նշում մեղադրյալի անուն-ազգանունը՝ ելնելով անմեղության կանխավարկածից։ Համոզված ենք, որ այս մեղադրանքի մանրազնին քննության ընթացքում կարող են բացահայտվել բազմաթիվ մանրամասներ, որոնք կարող են կասկածի տակ դնել մեղադրանքը։