«Լավ որակի կյանք ունենալու միակ և կարևորագույն երաշխիքը կրթությունն է»․ Նիկոլ Փաշինյան
«Լավ որակի կյանք ունենալու միակ և կարևորագույն երաշխիքը կրթությունն է»․ Նիկոլ Փաշինյան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է 2018-2019 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2019թ. հաջողություններ արձանագրած մայրաքաղաքի և մարզերի սովորողներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու», ռուսաց լեզվի «Ռուսական արջուկ» մրցույթների մրցանակակիրներին:
Վարչապետը շնորհավորել է դպրոցականներին ուսումնառության ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային օլիմպիադաներում գրանցած ձեռքբերումների համար և նշել.
«Շնորհավորում եմ այսօրվա երեկոյի կապակցությամբ, որովհետև սա լավ առիթ է խոսելու գիտելիքի և կրթության մասին: Հույս ունեմ՝ բոլորդ գիտեք և տեսնում եք, որ այսօրվա Հայաստանում և մեր կառավարության համար կրթությունը կարևորագույն առաջնահերթություն է:
Ինչո՞ւ ենք այդքան կարևորում կրթությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է, ազատ և հպարտ քաղաքացիների պետություն, իսկ սա ուղղակի կապ ունի կրթության հետ:
Կապն այնքանով է, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս այնպիսի երկիր է, որտեղ ոչ թե կառավարում են քաղաքացիներին, որտեղ ոչ թե ղեկավարում են քաղաքացիներին, այլ որտեղ ղեկավարում են քաղաքացիները: Իսկ քաղաքացի լինել՝ առաջին հերթին նշանակում է ի վիճակի լինել կայացնել որոշումներ և կրել պատասխանատվություն՝ կայացված այդ որոշումների համար:
Իսկ իմ ընկալմամբ կրթությունն ամենակարևոր բաղադրիչն է յուրաքանչյուր մարդու համար՝ տնօրինելու, տիրապետելու, կառավարելու սեփական կյանքը, կայացնելու որոշումներ, իրականացնելու այդ որոշումները և կրելու այդ որոշումներից բխող պատասխանատվությունը:
Ընդհանուր առմամբ, այսօր էլ Հայաստանում շատ է խոսվում մարդկանց կյանքի որակի մասին: Բայց մենք բոլորս, նաև այս դահլիճից, նաև այս առիթներով պետք է շատ հստակ ուղերձ հղենք մեր երիտասարդությանը, առաջին հերթին մեր երեխաներին, որ լավ որակի կյանք ունենալու միակ և կարևորագույն երաշխիքը կրթությունն է, կրթությունն է, որ երաշխավորում է մարդու կյանքի բարձր որակը:
Ես հասկանում եմ, որ այսօր էլ շատ մարդիկ կարող են լինել, ովքեր կարող են ասել, որ մենք, ահա, ունենք բարձրագույն կրթություն, բայց մեր կյանքի որակն այնքան էլ լավ չէ:
Բայց ես ուզում եմ ասել նաև, որ կրթություն չի նշանակում դիպլոմ կամ առնվազն կրթությունը դիպլոմը չէ, և կրթությունը ոչ միայն դիպլոմն է, այլև այն մի գործընթաց է, մի պրոցես է, որ մարդուն պետք է ուղեկցի ամբողջ կյանքի ընթացքում, դպրոցի ընթացքում, դպրոցից առաջ, դպրոցից հետո, համալսարանից առաջ և համալսարանից հետո, ընդհանրապես մեր ողջ կյանքում:
Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում