Մամուլ

Ի դեմս Ձեզ՝ տեսնում ենք մարդու, որ պատրաստ է աջակցել Բելառուսին․ Լուկաշենկոն՝ Սարգսյանին

Մինսկում կայացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։

Ալեքսանդր Լուկաշենկոն ողջունել է Արմեն Սարգսյանի այցը Մինսկ՝ նշելով, որ ուրախ է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման շրջանակում հյուրընկալել Հայաստանի իր գործընկերոջը։

«Լավ է, որ եկել եք Բելառուս: Վաղը մենք կարևոր միջոցառում ունենք անվտանգության հարցերի վերաբերյալ, որը տեղի կունենա Մյունխենյան խմբի շրջանակում: Ձեր այցը Մինսկ և մասնակցությունն այս թեմայով հանդիպմանը խոսում է այն մասին, որ Հայաստանին ոչ թե պարզապես անհանգստացնում է այս խնդիրը, այլև այն խիստ կարևոր է հայ ժողովրդի համար:

Դուք պետք է իմանաք, որ անկախ տարատեսակ դատողություններից՝ ժողովրդավար Հայաստանում դուք ի դեմս Բելառուսի ունեցել և մշտապես ունենալու եք լավ ու վստահելի ընկերներ: Մենք ձեզ հետ աշխատում ենք տնտեսական միասնական հարթակում՝ ԵԱՏՄ-ում, աշխատում ենք ռազմաքաղաքական միությունում՝ ՀԱՊԿ-ում, և հետևողականորեն կատարում ենք մեր պայմանավորվածությունները և այն ամենը, ինչ մտնում է այս կազմակերպությունների շրջանակում:

Ինչ վերաբերում է մեր հարաբերությունների հիմքերին՝ ապրանքաշրջանառությանը, պետք է ասել, որ այն աճում է: Նախորդ տարի բարձր աճ ենք գրանցել, որը կազմում է մոտ 45-50 մլն ԱՄՆ դոլար: Սա լավ արդյունք է, սակայն եթե խոսենք ներուժի մասին այն ապրանքների մասով, որոնք ձեզ մոտ մեծ պահանջարկ ունեն և այն ապրանքների մասով, որոնք մեզ մոտ պահանջարկ ունեն, ապա դա մեծ ցուցանիշ չէ: Մենք այսօր կարող էինք ունենալ 150 մլն ԱՄՆ դոլարի ապրանքաշրջանառություն, ինչը մեր հարաբերություններն ավելի բարձր մակարդակի կհաներ:

Դուք գիտեք մեր հնարավորությունները, մենք գիտենք ձեր հնարավորությունները: Հետևաբար ցանկացած առաջարկ, որը կանի Հայաստանը, մենք կդիտարկենք կարճ ժամկետում և կընդունենք համապատասխան որոշում։ Գիտեմ, որ դուք բարդ ժողովրդավարական փոփոխություններ եք ապրում, դրանից ոչ մի տեղ չես փախչի, և, իհարկե, տեղեկություն ստանալ առաջին ձեռքից, իմ ընկերոջից, գործընկերոջից, ինձ համար շատ կարևոր է»,-նշել է Բելառուսի նախագահը։

Նշելով, որ Բելառուսի համար կարևոր էր հետևել բարեկամ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է․ «Մենք՝ ի դեմս Ձեզ, տեսնում ենք այն մարդուն, որ օբյեկտիվ է, իրատես ու պատրաստ է աջակցել Բելառուսի հետ հարաբերություններին, և մենք փոխադարձ պատասխան ենք տալիս այս ամենին»:

Առավել մանրամասը՝ 24news.am

Կիսվել