Իջել է ներմուծվող ապրանքների արժեքային չափը․ ՊԵԿ-ը նոր հայտարարություն է տարածել
2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները իրականացվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման հիման վրա։
Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց տեղեկացնում է, որ նոր կարգավորման համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որևէ գանձում չի կատարվի:
Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար: