Ինչ իրավիճակ է Արցախում. ադրբեջանական կողմը շարունակում է խախտումները
Ինչ իրավիճակ է Արցախում. ադրբեջանական կողմը շարունակում է խախտումները
Armlur.am-ը գրում է․ Ադրբեջանական կողմը շարունակում է խախտել դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթի դրույթները: Մասնավորապես երեկ, ՌԴ Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմը խախտել է շփման գիծը:
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, ըստ հաղորդագրության, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում միջադեպը կարգավորելու ուղղությամբ։
Կեսգիշերին մոտ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Ադրբեջանի զինուժը խախտումը կատարել է Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի մոտակայքում շփման գծի չեզոք գոտու միջդիրքային հատվածում։
«Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր», – ասված է հաղորդագրությունում։
Սակայն նկատենք, որ դեռ մարտի 24-ից ադրբեջանական զինուժը խախտել է շփման գիծը Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում և առաջացել դեպի ռազմավարական Քարագլուխ բարձունքը։
Հաջորդած բախումներում Արցախի պաշտպանության բանակի երեք զինծառայող է զոհվել, մեկ տասնյակից ավելին վիրավորվել է, ըստ ՊԲ-ի՝ կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը։
Ներկայումս Փառուխ գյուղը վերահսկում են ռուս խաղաղապահները, որոնց մասնակցությամբ նաև ջանքեր են գործադրվում՝ ադրբեջանցիներին վերադարձնելու ելման դիրքեր։
Ապրիլի 12-ին էլ ռուսական խաղաղապահ առաքելությունը հայտնեց, որ Փառուխ գյուղի մոտակայքում ադրբեջանական կողմից հրադադարի խախտման հետևանքով Արցախի զինուժի մեկ զինծառայող է վիրավորվել։
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում