Ինչ անել օձի խայթոցի դեպքում
Ինչ անել օձի խայթոցի դեպքում
Հաշվի առնելով հանրության շրջանում հետաքրքրությունն ու անհանգստությունը՝ ՀՀ ԱԻ նախարարությունը անդրադառնում է շոգ եղանակին ակտիվացած սողունների հանդիպելիս ճիշտ վարքականոներին:
Մարդիկ սովորաբար սարսափում են սողունների հենց միայն տեսքից և հաճախ չեն կարողանում ճիշտ գործել։
Ըստ վիճակագրական տվյալների՝ օձերի խայթոցներից մահացությունների դեպքում մարդկանց մոտ 40 տոկոսը մահացել է ոչ թե թույնից, այլ սարսափից։ Եթե կարողանաք արագ կողմնորոշվել ու ճիշտ օգնություն ցույց տալ, ապա հնարավոր կլինի խուսափել վատագույնից։
Հայաստանը հարուստ է օձատեսակներով, որոնց քանակը հասնում է 22-ի:
Այդ 22 տեսակից թունավոր են միայն 4-ը: Դրանք են՝
- Գյուրզան
- Հայկական իժը
- Դարևսկու իժը
- Լեռնատափաստանային իժը
Ընդ որում լեռնատափաստանային իժի խայթոցը մահացու չէ մարդու համար:
Հայաստանի ոչ թունավոր օձերը քանակով ավելի շատ են քան թունավոր օձերը: Ոչ թունավոր օձերից են՝ ջրային օձը, կատվաօձը, մողեսակեր օձը, Շահմար օձը և այլն:
Օձի կծելուց հետո մաշկի վրա մնում է վերին ծնոտի ատամներից հետք, որով կարելի Է որոշել՝ օձը թունավոր է, թե ոչ։
Թունավոր օձի կծած տեղում մարմնի վրա նկատվում են թունավոր ատամներից առաջացած երկու խոր վերքեր և ոչ թունավոր ատամներից մնացած երկու շարք ավելի մանր հետքեր։
Ոչ թունավոր օձերի կծած տեղում մարմնի վրա երևում են չորս շարք երկայնական դասավորված կետիկներ։
Ի՞նչ անել
Ոչ թունավոր օձի խայթոցի դեպքում վերքը լվացեք և ծածկեք մանրէազերծ վիրակապով։
Հնարավորության դեպքում աշխատեք հիշել օձի տեսքը։
Օձի խայթոցից հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք խայթած հատվածի շուրջ, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեք, երբ վերքից այլևս արյուն դուրս չգա։
Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակն արագացնում է արյան շրջանառությունը` նպաստելով մարմնում թույնի տարածմանը։
Հանեք բոլոր զարդերը և ճնշող իրերը։
Եթե օձը խայթել է վերջույթը, ապա անշարժացրեք այն և պահեք սրտի մակարդակից ցածր։ Սահմանափակեք տուժածի շարժումները, նստեցրեք կամ պառկեցրեք նրան։
Թունավոր օձի խայթելու դեպքում Ժամանակն ամենաորոշիչ գործոնն է։ Շատ կարևոր է արագ ահազանգը կամ տուժածի արագ տեղափոխումը հիվանդանոց, սակայն դա պետք է անել առանց խուճապի մատնվելու՝ բացառելով տուժածի ցանկացած շարժում։
Այդ ընթացքում տուժածին տվեք մեծ քանակությամբ հեղուկներ` ջուր, հյութ, թեյ, թան և այլն։ Վերահսկեք տուժածի վիճակը, տվյալները գրանցեք և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։
Ի՞նչ չի կարելի անել օձի խայթոցի դեպքում
Կան գործողություններ, որոնք չի կարելի անել օձերի խայթոցնի դեպքում։
Մի արտածծեք թույնը բերանով. բերանում եղած անգամ փոքր վերքից թույնը կարող է անցնել ձեր օրգանիզմ։
Խայթած հատվածի շրջանում կտրվածքներ մի արեք, մի այրեք վնասված հատվածը. ցավն արագացնում է արյան շրջանառությունը, ինչը նպաստում է թույնի տարածմանը։
Մի օգտագործեք սառը թրջոցներ և սառցապարկեր. դրանք օգուտ չեն տա տուժածին և կարող են հակառակ ազդեցություն ունենալ։
Օձի խայթոցների դեպքում չի կարելի տեղադրել լարան՝ սեղմող միջոցներ. սա կբերի տվյալ հատվածի հյուսվածքների մեկուսացման, ինչի հետևանքով տուժածը կարող է կորցնել վերջույթը։
Տուժածին մի տվեք ոգելից խմիչքներ. դրանք ևս արագացնում են արյան շրջանառությունը։