Մամուլ

Ինչքան էս քաղաքում լավ տղա կա, ճանաչում եմ, բայց ֆազ, նոլ ու ֆազ՝ չեմ լսել․ «Հրապարակ»

Ինչքան էս քաղաքում լավ տղա կա, ճանաչում եմ, բայց ֆազ, նոլ ու ֆազ՝ չեմ լսել

«Հրապարակ» թերթը գրում է. Նոր ժամանակների ամենահայտնի կրիմինալ դեմքերից մեկը Ռուստամ Ստեփանյանն է՝ Չաղ Ռուստամը, որի անունը պարբերաբար երեւում է սկանդալային պատմությունների մեջ։

Մե՛կ նա ընտրությունների ելքն է փոխում Թալինում՝ ճնշումներ գործադրելով ավագանու անդամների վրա, մե՛կ Աժ ընտրություններում է ՔՊ-ի օգտին աշխատում, մե՛կ Շիշ բռնող Հայկ Սարգսյանի հովանու տակ է գործում, մե՛կ կրակոցներով ու ծեծով ուղեկցվող քրեական պատմությունների մեջ է խառնված։

Իսկ օրերս նա Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում ծեծկռտուքի մեջ էր ներքաշվել հայտնի Ֆազ Արթուրի հետ եւ կրկին հայտնվել մամուլի էջերում։

Ծեծկռտուքին միջամտել էին ոստիկանության աշխատակիցները, որից հետո Ֆազը դիմել էր փախուստի, իսկ Չաղ Ռուստամն ավելի ուշ ներկայացել էր ոստիկանություն։ Քրեական գործ է հարուցված, կան ձերբակալվածներ։

rustam

Անսպասելիորեն մեզ հետ կապվեց մեր ժամանակների «հերոսը»՝ Ռուստամ Ստեփանյանը, եւ ցանկություն հայտնեց պատասխանել մեր հարցերին։

– Կպատմե՞ք՝ ի՞նչ է տեղի ունեցել Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանի բակում։

Դուք տեսել եք այդ վիժվածքի ծնունդների հրապարակած վիդեոները։ Այնտեղ ամեն ինչ պարզ երեւում է։ Անմարդկային, անշնորհք, ինչ-որ հիմար բան էր։ Տղամարդկային ոչ մի քայլ չեմ տեսել։ Իրանք, որ տեսնեն իրանց երազում մեզ՝ շաքար են բռնելու։

Նման տականքները ո՞նց կարան տղամարդ լինեն, հայ տղամարդ եւ իրենց թույլ տան, որ մարդն առանց ավտոյից իջնելու՝ հասնեն ավտոները չանգռեն եւ չթողնեն մարդիկ ավտոներից իջնեն, նոր իրենց հարցերը լուծեն։ Եթե ես ինչ-որ մեկի հետ հարց ունեմ պարզելու, կսպասեմ, որ մեքենայից իջնեն, ոչ թե էն լիրբ պառավների նման ավտոները սկսենք ճանկռտել։ Տղամարդկություն չունեն դրանք։

– Ովքե՞ր էին ծեծկռտուքի մասնակիցները եւ ի՞նչ հարցեր ունեին ձեզ հետ։ Ճանաչո՞ւմ եք նրանց։

Որեւիցե մեկին չեմ ճանաչում, չգիտեմ, թե ովքեր էին։ Մենակ կարող եմ ասել, որ անբարոյականի լակոտներ են եղել բոլորը՝ մեկ մարդու նման։

– Ի՞նչ կապ ունեք Ֆազի հետ, ի՞նչ թեմայով է եղել կռիվը, երբվանի՞ց եք իրեն ճանաչում:

Ցավդ տանեմ, ես էսքան տարի էս քաղաքում ապրել եմ, ասենք, ինչքան այս քաղաքում լավ տղա, լավ մարդ՝ լյուբոյ բնագավառի, կա, ես բավականին բոլորին էլ ճանաչում եմ, բայց նման անուն՝ ֆազ, նոլ ու ֆազ, տենց անուններ ես չեմ լսել, ցավդ տանեմ։ Չկայացած մարդկանց ես որտեղի՞ց պիտի ճանաչեի։

– Այդ միջադեպի մասին գրվեց, որ եղել եք Դոն Պիպոյի մեքենայով, որ նրա ավտոմեքենան եք փախցրել։

Այդ գրողների հերը պիտի անիծվի վաբշե։ Էդ շամշյաններն ու էդ ֆազ կոչվածները դրանք երեւի կա՛մ սիրում են իրար, կա՛մ չգիտեմ ինչ սերտ հարաբերություններ ունեն։ Իրանց ոնց, ինչ պետք է՝ գրում քցում են։ Մեքենան ինձ մոտ է, դա իմ մեքենան է։ Դոն Պիպոյի մեքենան եթե հիմա իմ մոտ է, ուրեմն իմն է։ Հիմա, թե նվեր է տվել, թե տվել է օգտագործեմ՝ էդ էլ թող ես իմանամ։

chax rustam

– Թալինի համայնքապետի ընտրություններում նախկին համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանի՝ համայնքապետի պաշտոնում ընտրվելու մեջ գիտենք, որ մեծ դեր եք ունեցել։ Նաեւ ճնշումների միջոցով եք հասել նրան, որ Սափեյանը դառնա Թալինի համայնքապետ։

Ցավդ տանեմ, մենք որեւիցե մեկի վրա ո՛չ դավլենի ենք արել, ո՛չ էլ ինչ-որ բան։ Ընտրություններին ինչով կարողացել եմ, օգնել եմ, իմ բարեկամներով, իմ ազգուտակով օգնել եմ, որ ասեմ՝ եսիմինչեր ենք արել՝ չէ։ Տենց անելու բան էլ չկար, հարազատներ ունենք՝ ասել ենք, օգնել ենք՝ քվեարկեն։ Ասենք, Սափեյան Տավրոսին ես ճանաչում եմ, նորմալ մարդ է, նորմալ ժողովուրդ են։

– Սեպտեմբերի 25-ին կրկին Թալինում ավագանու եւ համայնքապետի ընտրություններ են։ Դուք էլի պատրաստվում եք Ձեր լծակներն օգտագործել եւ ազդե՞լ ընտրությունների վրա։

Միանշանակ, օգնելու ենք Տավրոս Սափեյանին։

– Դուք բոլոր ընտրություններին սատարում եք գործող իշխանություններին՝ ձայն եք բերում ՔՊ-ի համար, տարբեր՝ օրինական եւ անօրինական եղանակներով։ Ինչո՞ւ եք աշխատում նրանց համար, ի՞նչ եք ստանում դրա դիմաց։

Մենք միշտ եղել ենք իշխանությունների կողքին, որովհետեւ մենք այս իշխանություններին հավատում ենք, վստահում ենք ու լինելու ենք միշտ իրենց կողքին։

– Մի քանի տարի առաջ Թոխմախի գերեզմանոցում ընդհարում ունեցաք, հետո «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի մոտ կրակոցներ եղան։ Միջադեպի մասին նաեւ ոստիկանությունը խոսեց, եւ կրկին Ձեր անունն էր հնչում։ Այնուհետեւ գործն անհետացավ։ Կպատմե՞ք դեպքի մասին, ի՞նչ ընդհարումներ էին եւ ո՞ւմ հետ։

Ցավդ տանեմ, բերեք այդ հարցին չպատասխանեմ եւ մեկնաբանություն չտամ։ Իրավապահ մարմիններն են այդ հարցերով զբաղվում։ Չգիտեմ ով են, ինձ չի էլ հետաքրքրում, ես ընդհանրապես դրա հետ կապ չունեմ։ Իմ մեքենաներն են եղել այնտեղ, բայց արեք՝ ես Ձեր հարցին չպատասխանեմ։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Կիսվել