Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյուքում` հաճախ տոնական օրերին արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ:
Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար առողջապահության նախարարության մասնագետները հորդորում են`
1. Տապակած և ճարպոտ կերակրատեսակները փոխարինել եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով պատրաստված սնունդով։
2. Սահմանափակել շաքարի օգտագործումը, որի չարաշահումը կարող է պատճառ դառնալ ճարպակալման և աղիների միկրոֆլորայի խանգարման: Պետք է հնարավորինս քիչ օգտագործել թխվածք, կրեմային հրուշակեղեն, կոնֆետ, հյութեր և գազավորված ըմպելիք։
3. Օգտագործել միրգ և բանջարեղեն չիպսերի, դոնաթսների և նմանատիպ անառողջ սնունդի փոխարեն։
4. Սնվել չափավոր. սնունդը պետք է ընդունել քիչ քանակով, ընդմիջումներով:
Պետք չէ համտեսել սեղանին դրված բոլոր կերակրատեսակները:
Որքան բազմազան է միանվագ օգտագործած սնունդը, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը մարսողական համակարգի վրա, և օրգանիզմն ի վիճակի չի լինում մարսել այդ ամբողջը:
5. Պահպանել սննդի ընդունման ռեժիմը` օրվա ընթացքում 4-5 անգամ: Այն հատկապես կարևոր է երեխաների համար:
Անհրաժեշտ է պահպանել երեխաների սննդակարգը և սնման ռեժիմը, քանի որ երեխաների փխրուն օրգանիզմն ավելի զգայուն է սննդակարգի փոփոխությունների նկատմամբ:
6. Նվազագույնի հասցնել ալկոհոլի օգտագործումը: Պետք է իմանալ, որ ալկոհոլի հետ անհամատեղելի են քացախը, սունկը, թուրինջը: