Ինչպե՞ս խուսափել երակների վարիկոզ լայնացումից հղիության շրջանում
Ինչպե՞ս խուսափել երակների վարիկոզ լայնացումից հղիության շրջանում
Եվս մեկ կետ ավելացրեք այն փոփոխությունների ցանկին, որոնք կարող են տեղի ունենալ Ձեզ հետ հղի ժամանակ՝ երակների վարիկոզ լայնացում, Fox News կայքում գրում է Ջուլի Ռևելենտը՝ գրող եւ կանացի առողջության հարցերով մասնագետ:
Այն բավական հաճախ է լինում՝ կանանց մոտ 55%-ը տառապում է դրանով: Երակների վարիկոզ լայնացումը սովորաբար զարգանում է ոտքերում, սակայն կարող է լինել նաեւ արտաքին սեռական օրգանների շրջանում կամ արտահայտվել թութքի տեսքով:
Հղիության ժամանակ ավելանում է արյան ծավալը եւ մեծացող արգանդի ճնշումը ոտքերի երակների վրա: Հղի կանանց մեծ մասի համար երակների վարիկոզ լայնացումը շատ անհարմարություններ է ստեղծում: Երբ երակներն արտահայտված են դառնում, դրանք կարող են արյունահոսել, երակի մեջ կարող են գնդեր, կոճերում՝ ուժեղ այտուց առաջանալ, մաշկի գույնը փոխվել:
Հեշտոցային ծննդաբերության ժամանակ կարող են խնդիրներ առաջանալ, եթե երակների լայնացում կա արտաքին սեռական օրգանների շրջանում, ասել է բժիշկ Լուիս Նովարոն՝ Նյու Յորքի Երակների բուժման կենտրոնի տնօրենը:
Երակների վարիկոզ լայնացումը մեծանում է տարիքի հետ, գիրանալու կամ ամեն հաջորդ հղիության հետ: Երակների վարիկոզ լայնացման առաջացման վտանգն ի հայտ է գալիս նաեւ, եթե Դուք տեւական ժամանակ եք անցկացնում ոտքի վրա կամ ծանրություն եք բարձրացնում:
Ինչպե՞ս խուսափել երակների վարիկոզ լայնացումից
Երակների վարիկոզ լայնացումը սովորաբար անցնում է ծննդաբերությունից 3-6 ամիս հետո, բայց կա մի քանի բան, որ Դուք կարող եք անել այն կանխելու համար:
Ձախ կողմի վրա քնեք:
Քանի որ ստորին սիներակը մարմնի աջ կողմում է, պառկելով ձախ կողմի վրա՝ Դուք ապահովում եք արյան հոսքը աջ կողմ:
Մարզվեք:
Մարզանքն արյան շրաջանառությունը բարելավելու լավագույն միջոցներից է: Փորձագետներն ասում են, որ հղի ժամանակ չափավոր ծանրաբեռնվածությունն անվտանգ է:
Ոտքերը բարձրացրեք:
Նստեք ամեն 3 ժամը մեկ՝ ոտքերը սրտից վերեւ դնելով և հենելով Ձեզ համար հարմար դիրքով, որպեսզի լավացնեք արյան շրջանառությունը: Փոխեք դիրքը, երբ Ձեզ հարմար չէ եւ աշխատեք ոտքերը չխաչել, ասում է բժիշկ Մերի Ռոսերը՝ Նյու Յորքի Մոնտեֆիորե բժշկական կենտրոնից:
Փորձեք չափից շատ չգիրանալ:
Գիրության պատճառով կարող է երակների վարիկոզ լայնացում լինել: Խոսեք Ձեր բժշկի հետ այն մասին, թե որքան պետք է ավելացնեք Ձեր քաշը:
Խուսափեք փորկապությունից:
Փորկապությունը կարող է մեծացնել երակների վարիկոզ լայնացումը եւ թութք առաջացնել, ուստի շատ ջուր խմեք, սահմանափակեք աղի օգտագործումը եւ կերեք մեծ քանակությամբ մանրաթել պարունակող մթերքներ: Եթե փորկապությունը չի անցնում, կարելի է լուծողականներ ընդունել, դրանք անվտանգ են հղիության ժամանակ:
Էլաստիկ զուգագուլպա կրեք:
Փափուկ էլաստիկ զուգագուլպան կամ սեղմող զուգագուլպան, որը ձգում է կոճերն ու ավելի թույլ է ազդրերի շրջանում, արյունը հետ է ուղարկում դեպի սիրտ: Սակայն եթե Դուք ավելորդ քաշ ունեք, այն կարող է ծնկից ներքեւի հատվածում սահմանափակել արյան շրջանառությունը, ուստի այդ դեպքում հատուկ զուգագուլպա օգտագործեք:
Խոսեք Ձեր բժշկի հետ:
Եթե Ձեր երակները բորբոքված են, եւ Դուք այդ պատճառով Ձեզ վատ եք զգում, տաք կոմպրեսներ դրեք եւ բարձրացրեք ոտքերը: Եվ անպայման բժշկի դիմեք: