Ժամանց

Ինչպե՞ս խնայել գումար և խուսափել չնախատեսված, անիմաստ գումարի վատնումից

Ինչպե՞ս խնայել գումար և խուսափել չնախատեսված, անիմաստ գումարի վատնումից:

Ընտանիքի բոլոր անդամները պետք է կենտրոնանան մեկ նպատակի շուրջ, և այն գումարը, որը վաստակում են յուրաքանչյուրը, պետք է նպատակաուղղված լինի մեկ կետի վրա:

Եթե ամեն մեկն իր աշխատած գումարը ծախսի այնպես, ինչպես միայն ինքն է ուզում, այդ դեպքում, դուք ինչքան էլ ջանաք որևէ բան ստեղծելու կամ իրագործելու համար, միևնույն է, գործը գլուխ չի գա:

Եթե ձեզ հաճույք է պատճառում գնումներ կատարելը, սակայն ամեն անգամ ինքներդ ձեզ խոստանում եք խնայողաբար ծախսել, բայց չի ստացվում և ձեր համար բավականին դժվար է գումար տնտեսել, ապա կազմեք ցուցակ:

աշխատանքային ստաժ

Այնտեղ գրի առեք, թե որքան գումար է անհրաժեշտ առօրյա ծախսերի համար, մոտավորապես վերցրեք ձեզ անհրաժեշտ գումարը, իսկ մնացածը պահեք խնայատուփում, կամ որևէ բանկային հաշվում և դրանց մոտեցեք միայն ծայրահեղ դեպքում:

Գրի առնելիս, ձեզ համար ավելի հեշտ կլինի հասկանալ կարևոր և անկարևոր ծախսերը, իսկ ամսվա վերջում, դուք հստակ կիմանաք, թե ինչի վրա է ծախսվել ձեր գումարը:

Այդ գումարը, որը առանձնացնելու եք առօրյա ծախսերի համար, դա ևս բաժանեք 4 մասի: Թող ամեն շաբաթն իրեն հասանելիք գումարն ունենա, որպեսզի այս անգամ էլ ամսվա վերջին չմնաք առանց գումար:

Եթե ձեր եկամուտը սեզոնային բնույթ է կրում, ապա նույնպես դիմեք գրի առնելու մեթոդին: Մի ծախսեք ձեր վաստակած գումարը միանգամից և հետո կանգնեք փաստի առաջ:

Մոտավորապես հաշվարկեք ձեր ծախսերը, գտեք, թե որքան գումար է հարկավոր ամեն ամսվա համար և աշխատած ամբողջ գումարը բաժանեք 12 ամիսների համար: Այդ դեպքում դուք վստահ կլինեք, որ ունեք գումար, ամբողջ տարվա համար:

Փողը սիրում է, երբ իրեն առանձնահատուկ են վերաբերվում: Ասում են, թե փողը չի գալիս այն տուն, որտեղ վերաբերվում են իմիջայլոց: Տանը, բացի խնայած գումարի համար տեղ հատկացնելուց, հատկացրեք առանձին տեղ, նաև առօրյա ծախսերի համար:

Դուրս մի տարեք այն բոլոր գումարը, որը նախատեսել եք ամսվա ծախսերի համար: Վերցրեք այնքան, որքան ձեզ անհրաժեշտ է լինելու այդ օրվա համար, ամեն դեպքում մի փոքր ավել, չնախատեսված ծախսերի համար: Այդ գումարը մի խցկեք ձեր գրպանում, այլ խնամքով դրեք դրամապանակի մեջ:

Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, պետք չէ փողը դարձնել կյանքի իմաստ: Հիշե՛ք, այն պարզապես ապրելու միջոց է: Հավատացեք, որքան շատ ընկղմվեք փողի մեջ, այնքան մեծ խնդիրներ են առաջ գալու:

Եվ վերջիվերջո, ինչքան էլ գումարը շատ լինի, միևնույն է, մարդը ձգտում է ավելիին: Այնպես որ, աշխատեք և վաստակեք այնքան, որքանով հնարավոր կլինի ապրել, գոնե բարեկեցիկ պայմաններում, իսկ օրվա մնացած ժամերը, նվիրեք ձեր հարազատներին, սիրելիներին, ընկերներին և երեխաներին:

Կիսվել