Մամուլ

«Ինչպե՞ս եղավ, որ Գևորգ V-րդը չվախեցավ թուրքերի զորքից, բայց Գարեգին II-ը վախենում է իր իսկ ժողովրդից». բաց նամակը` Է. Շարմազանովին

ՀՀ քաղաքացի Կարեն Մկրտչյանը բաց նամակով դիմել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Մի՛ փորձեք վեհափառի հաշվին ինքնահաստատվել։

Պարո՛ն Շարմազանով, Երեկ մի քանի անգամ ուշադրությամբ դիտեցի ազգային ժողովում ձեր բեմադրած թատրոնը և որոշեցի ձեզ դիմել այս բաց նամակով։ Խոսքս վեհափառի անվտանգությունը օրենքով ապահովելու ձեր և ձեր ընկերների պահանջն էր, որը գրավեց հանրության լայն ուշադրությունը։ Թեպետ ես վերջին մարդն եմ, ով կպաշտպանի այսօր վեհափառի աթոռում հայտնված այդ անձնավորությանը, թեպետ ես համամիտ եմ այն կարծիքի հետ, որ Գարեգին II- ը պետք է անհապաղ հրաժարական տա և տեղը զիջի ավելի համեստ և ժողովրդի հարգանքը վայելող հոգևորականի, միևնույն է, պետք է պահանջեմ չկառչել վեհափառից, ձեր իսկ քաղաքական ինքնությունն ու ապագան ապահովելու համար։

Դուք նման եք խորտակվող մարդու, որն անգամ ձեռքն ընկած վերջին ծղոտից է կառչում՝ փրկվելու համար, հույս ունենալով, որ այդ մի ծղոտը կկարողանա իր վրա վերցնել նրա ողջ ծանրությունը։ Ցավոք, պարո՛ն Շարմազանով, ձեր քաղաքական նավը խորտակվում է, և դուք այսօր, ձեր ապագան ապահովելու համար փորձում եք օգտագործել վեհափառին և հայ առաքելական եկեղեցուն, որպեսզի շահեք ինչպես հայ առաքելական եկեղեցու, այնպես էլ վեհափառի հետևորդների սրտերը։

Հանդես գալով որպես հայ առաքելական եկեղեցու պաշտպաններ՝ փորձում եք ընտրություններին տոկոսներ ապահովել ինչպես ձեր, այնպես էլ ձեր կուսակցության համար։ Ուղղակի զարմանալի է, պարո՛ն Շարմազանով, որ ձեր կուսակցության իշխած տարիներին երբեք չեք մտահոգվել վեհափառի անվտանգության համար, այն դեպքում, երբ ունեիք բոլոր հնարավորությունները ձեր սրտի ուզած օրենքը գրելու, ինչպես որ արել եք բազմիցս։ Զարմանալի է նաև այն փաստը, որ ձեր ղեկավարման տարիներին, երբ օրեցօր բազմանում էին աղանդները, երբ ամեն օր նույն հայ ժողովուրդը, ում անունից դուք այսօր ազգային ժողովում դոշ եք ծեծում, ձեզնից պահանջում էր պաշտպանել հայ առաքելական եկեղեցին Հայաստանում բազմացող աղանդներից, դուք ոչ մի քայլ չէիք ձեռնարկում և թքած ունեիք, թե ինչ վտանգ կսպառնա թե՛ եկեղեցուն և թե՛ վեհափառին։

Սակայն այսօր, երբ կորցրել եք իշխանության գահը և հնարավոր է՝ կորցնեք խորհրդարանում գտնվելու հնարավորությունը, գլխի եք ընկել, որ ունենք աղանդներ և ունենք հայ առաքելական եկեղեցի, որին կարելի է պաշտպանել։ Իշխող կուսակցության անդամների հարցին, թե արդյոք կարիք կա՞ պաշտպանելու վեհափառին սեփական ժողովրդից, ձեր կուսակցական ընկերները տվեցին շատ անհասկանալի պատասխան։ Նրանք կարծիք հայտնեցին, որ վեհափառին պետք է պաշտպանել աղանդներից և սեռական փոքրամասնություններից։ Ավելի ծիծաղելի և օրիգինալ պատճառաբանություն գրեթե անհնար կլիներ գտնել։

Ի՞նչ վտանգ է սպառնում վեհափառի անձին այս երկու խմբերից։ Ի՞նչ պետք է անի ինչ֊որ մի աղանդի կամ սեռական փոքրամասնության ներկայացուցիչ, որի համար, ըստ ձեզ, պետք է վեհափառը անընդհատ պաշտպանվի պետության կողմից։ Անիմաստ վախի մթնոլորտ մի ստեղծեք։ Հարկ եմ համարում հիշեցնել ձեզ Գևորգ V-րդ Ամենայն հայոց կաթողիկոսի մասին, որը հրաժարվեց հետևել Արամ Մանուկյանի հորդորին, չլքեց Մայր Աթոռը և չպաշտպանեց իր իսկ անձը՝ մնալով ժողովրդի կողքին, քաջալերելու նրանց զենք վերցնել և պաշտպանել հայրենիքը։ Արդյունքում՝ մենք ունեցանք Սարդարապատի և Բաշ Ապարանի հաղթանակները։ Ի՞նչ վտանգ է այսօր սպառնում Գարեգին II-ին, որն ավելի վատ է, քան թուրքի յաթաղանը։

Որքա՞ն վախեցած է վեհափառը, որ իր իսկ կողմից կարգալույծ եղած Տեր Կորյունին և իր մի խումբ համախոհներին այսօր ավելի վտանգավոր է համարում, քան արյունարբու թուրքերի մեծաքանակ զորքը։ Ինչպե՞ս եղավ, որ Գևորգ V-րդ կաթողիկոսը չվախեցավ թուրքերի մեծաքանակ զորքից, բայց այսօր Գարեգին II-ը վախենում է իր իսկ ժողովրդից և պաշտպանվելու կարիք ունի։ Իսկ հարցրե՞լ եք վեհափառի կարծիքը այս մասին։ Հայտնե՞լ է նա ձեզ, որ ինքն իրեն վտանգված է համարում։ Ցանկանություն հայտնե՞լ է իր անվտանգությունը ապահովելու համար, թե° դուք ձեզանից առաջ ընկած, վեհափառի հաշվին ուզում եք հայտնվել ազգային ժողովում։

Թույլ տվեք նաև հիշեցնել ձեզ և ձեր ընկերներին, պարո՛ն Շարմազանով, որ եթե այսօր վարկաբեկված է հայ առաքելական եկեղեցու առաջնորդը, այստեղ ունեք նաև դուք ձեր մեղքի բաժինը։ Ձեզ ոչ մեկը չէր խնդրում վեհափառին և հայ առաքելական եկեղոցուն ներգրավել ձեր կեղտոտ քաղաքականության մեջ՝ հասցնելով նրան, որ ժողովուրդը վեհափառին դիտարկի որպես հանրապետական կուսակցության անդամ։ Ոչ մեկը չէր խնդրում նաև վեհափառին, որ նա իրեն և առավել ևս հայ առաքելական եկեղեցուն ներգրավեր ձեր սև և անպատվաբեր գործերի մեջ։ Հենց այդպես չեն կորցնում ժողովրդի սերն ու հարգանքը, ու եթե այսօր վեհափառը կորցրել է ժողովրդի սերն ու վստահությունը, ուրեմն կան պատճառներ։

Մենք՝ վեհափառին չհարգողներս, ոչ մի վտանգ չենք սպառնում վեհափառի անվտանգությանը, ինչպես որ ժողովուրդը, ատելով ձեր առաջնորդ Սերժ Սարգսյանին, ոչ մի ձևով չի սպառնում նրա անվտանգությանը։ Մեզ մի՛ խառնեք ձեր ընկերների հետ և մի փորձեք ո՛չ մեր, ո՛չ էլ վեհափառի հաշվին ընտրվել ձեզ համար արդեն հարազատ դարձած ազգային ժողովում։ Ո՛չ ձեր բարքերն են երբևիցե եղել քրիստոնեական, ո՛չ ձեր ագահությունն է ավետարանի հետ համահունչ, ո՛չ էլ երբևէ մտահոգված եք եղել վեհափառի անվտանգության համար։ Զերծ մնացեք կոկորդիլոսի արցունքներ թափելուց և մի՛ սնվեք ժողովրդի հավատքի վրա։ Ամո՛թ է, լավ է պարտվեք արժանապատվորեն, քան լարեք ժողովրդին իրար դեմ։ Գրածս ընդունեք որպես վեհափառին չհարգող, բայց նրա անվտանգությանը չսպառնացող քաղաքացուց խորհուրդ»։

Կարեն Մկրտչյան ՀՀ քաղաքացի

Կիսվել