Շոու-բիզնես

Ինչու «Վա՜յ Գրիգ, Գրիգ» ներկայացմանը Women’s Club-ի անդամները ներկա չէին․ Պարզաբանում է Գրիգը․ ֆոտոշարք

Ինչու «Վա՜յ Գրիգ, Գրիգ» ներկայացմանը Women’s Club-ի անդամները ներկա չէին․ Պարզաբանում է Գրիգը։

Կենցաղային հումոր առանց քաղաքական տեքստերի ու 16+ թեմաների․ «Բոհեմ» թատրոնում տեղի ունեցավ Գրիգ Գևորգյանի՝ «Վա՜յ Գրիգ, Գրիգ» «սթենդ ափ»-ի չորրորդ բեմելը։ Հումորիստն ի սկզբանե որոշել էր, որ առաջին երեք ներկայացումը խաղալու է իր հանդիսատեսի համար, հետո միայն կհրավիրի հայտնի գործընկերներին, հյուրերին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին։  

Tert.am Life-ը ներկա է եղել ներկայացմանը, լուսանկարել հայտնի հյուրերին և զրուցել սթենդափերի հետ։  

Գրիգ Գևորգյան

Պաշտոնական պրեմիերան երեք ներկայացում հետո անելու գաղափարը Գրիգը հիմնավորեց․ «Առաջին երեք ներկայացման տոմսերը միանգամից սպառվեցին և հասկացանք, որ լրատվամիջոցների, իմ ընկերների, իմ հյուրերի համար կանեմ չորրորդ «սթենդ ափ»-ը։

Սովորաբար առաջին ներկայացման ժամանակ կանչում են հայտնիներին, ծանոթներին, տարբեր հյուրերի, որպեսզի դահլիճն ավելի ջերմ ընդունի պրեմիերան։ Մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով՝ հասկանալ, թե ոչ ընկերական հանդիսատեսն ինչպես կարձագանքի ներկայացմանը, ինչի վրա կծիծաղի։ Բարեկամդ կարող է ծիծաղել քո ամեն հումորի վրա, իսկ մարդը, ով գումար է տվել, ծիծաղում է այն կատակի վրա, որն իսկապես դուր է գալիս իրեն»։

Գրիգ Գևորգյան

Հումորիստի՝ այս ձևաչափով ելույթները լսարանը բազմիցս տեսել է թե՛ «Վիտամին» ակումբի, թե՛ Women’s Club-ի բեմում։ Գրիգը կատակում է կենցաղի, մարդկանց առօրյայի ու կին-տղամարդ հարաբերությունների մասին, առավել ծավալուն այս ելույթում ևս հումորիստի թիրախում էին կանայք, տղամարդիկ ու մարդկանց կենցաղը։  

Քաղաքական թեմաները հնարավորինս շրջանցելն ու կենցաղին անդրադառնալը հումորիստն այսպես մեկնաբանեց․ «Քաղաքական հումոր անելը մեզ համար հետաքրքիր չէ։ Դա հումորի ամենահեշտ տեսակն է, որը մեզ չի հետաքրքրում։ Քաղաքական որոշ հումորներ կային, բայց մեզ հետաքրքրում են թեմաներ, որոնք բոլորը գիտեն, բոլորի հետ եղել են, բոլոր մարդիկ իրենց տեսնում են դրանց մեջ»։  

Գրիգ Գևորգյան

Երկու մասից բաղկացած ելույթում սթենդափերը ներկայացրեց դյուրամարս հումոր՝ հիշեց 90-ականների մանկությունը, համեմատեց այն ներկայի հետ, գնաց դեպի հայերի՝ առիթներ նշելու ձևն ու հասավ կին-տղամարդ հարաբերություններին՝ մտնելով ննջարան։  Երկու ժամ տևողությամբ «սթենդ ափ»-ը, ըստ Գրիգի, չի հոգնեցնում: Որպես ապացույց հումորիստը մատնանշեց լեփ-լեցուն դահլիճն  ու հանդիսատեսի ջերմ արձագանքը։

«Վերջում բոլորը երկար ծափահարեցին, դա վկայում է, որ ելույթի տևողությունը երկար չէր, մարդիկ չէին հոգնել, դահլիճը չէր դատարկվել: Բացի այդ, մարդիկ գումար են տալիս, ինչո՞ւ շատ երկար նյութ չտեսնեն։ Մենք կարողանում ենք շատ գրել, որը չենք պահում՝ ինչ գրում ենք, անում ենք»,-ասաց հումորիստը։

Սթեդ-ափի սցենարը հեղինակել են Գրիգը, Վան Գրիգորյանը, Ռոբերտ Մարտիրոսյանը և Արմեն Սարգսյանը։

Գրիգ Գևորգյան

Կանանց առօրյան բեմից հանրայնացնող հումորիստը, որոշեց ներկա կանանց առաջ «քավել մեղքերն» ու բոլոր աղջիկներին հրավիրել բեմ։

Հայտնի հյուրերի շարքում էին «Վիտամին» ակումբից Գրիգի ավագ գործընկերները, սակայն հումորիստի վերջին նախագծից՝ Women’s Club-ից որևէ մեկը ներկա չէր։

Հարցին՝ ի՞նքը որևէ մեկին չի հրավիրել, թե՞ նրանք չեն եկել, Գրիգը պատասխանեց․ «Ես մարդկանց հետ նախագծերով չեմ շփվում, որովհետև ինձ համար կան մարդիկ, անհատականություններ։ Եղել են մարդիկ, որոնք եկել են առաջին ներկայացմանը, բայց անուններ չեմ նշի։ Հատուկ պարտադրված, մտածված բան չի եղել, որ այս մարդկանց հրավիրենք, մյուսներին՝ ոչ։ Ում հրավիրել եմ, եղել է առօրյա շփման ընթացքում, խոսքի մեջ կամ այդ պահին տեսել, ասել եմ, որ այս օրը հյուրերի համար եմ խաղալու, եկեք։ Հետո տեսել եմ, որ սահմանված քանակը լրացել է։ Որևէ մեկը չի եղել, ում միտումնավոր չենք հրավիրել»։

Հավելենք, որ Գրիգի «սթենդ ափ»-ի հետ համընկել էր Women’s Club նախագծի եթերային նկարահանումը, որը նույն օրը, նույն ժամին էր։ 

Գրիգ Գևորգյան

Աղբյուր՝ tert.am

Կիսվել