Ինչու չեղարկվեց ՔՊ Դիլիջանյան հավաքը․ «Հրապարակ»
Ինչու չեղարկվեց ՔՊ Դիլիջանյան հավաքը
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չեղարկել, կամ ինչպես խմբակցությունից են փոխանցում՝ հետաձգել է Դիլիջանում նախատեսած արտագնա նիստը:
Շաբաթվա սկզբում մամուլը գրեց, որ ՔՊ-ական պատգամավորները ուրբաթ օրվանից կմեկնի Դիլիջան եւ եռօրյա աշխատանքային քննարկումները կհամատեղեն հանգստի հետ:
Պատգամավորների հետ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն էր նախատեսվում, ՔՊ-ի մեր աղբյուրի փոխանցմամբ արտագնա նիստի նպատակը նոր տարվա մեկնարկին անելիքները քննարկելն էր, խորհրդարանական աշխատանքում գործողությունների հստակեցումը:
Սակայն իշխանական թիմը չեղարկել է նիստը, մի վարկածով՝ խմբակցության նիստը անիմաստ կլիներ առանց ԱԺ նախագահի, որը այսօրվանից մինչեւ հունվարի 20-ը խորհրդարանական պատվիրակությամբ մեկնում է ԱՄՆ, մյուս վարկածով՝ նիստի մասին արտահոսքի պատճառով Փաշինյանը հրահանգել է այն հետաձգել անորոշ ժամկետով:
Իսկ իշխող խմբակցությունը երե խորհրդարանում ֆրակցիայի նիստ է անցկացրել ու քննարկել երկուշաբթի մեկնարկելիք խորհրդարանական աշխատանքները, ՔՊ-ում մտահոգություն ունեն, որ գաղտնի քվեարկությամբ կտապալվի ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանի ընտրությունը:
Պաշտպանն ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, գործող խորհրդարանի պարագայում՝ 64 ձայնով, ՔՊ-ական պատգամավորների թիվը 71 է, սակայն թեկնածուն միանշանակ չի ընդունվում նաեւ թիմի ներսում, ուստի զգուշացվել է, որ Քրիստինեն ցանկացած գնով պետք է ընտրվի այդ պաշտոնում: