Ինչու են մահանում Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տվողները
Ինչու են մահանում Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տվողները
1in.am-ը գրում է․ Երեկ հայտնի դարձավ, որ «Նաիրի» բժշկական կենտրոնում կորոնավիրուսից մահացել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը։
Նա պաշտոնանկությունից հետո շարունակում էր բիզնեսով զբաղվել, քաղաքականապես ակտիվ չէր։ Այդ դադարի մեջ Սերգո Կարապետյանի անվան շուրջ աղմուկը մեծացավ, երբ հայտնի դարձավ, որ բավական աղմկահարույց քրեական գործով Սերգո Կարապետյանը ցուցմունք է տվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ։
Դրանից հետո նախկին գյուղնախարարի ցուցմունքի հիման վրա Սերժ Սարգսյանը ներգրավվեց որպես մեղադրյալ, և գործն ուղարկվեց դատարան։ Երեկ՝ փետրվարի 18-ին, նախատեսված էր այս գործով հերթական դատական նիստը, որը, սակայն, չի կայացել և հետաձգվել է։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2013 թվականին։ Գյուղացիների համար պետական ծրագրով ձեռք է բերվել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք:
Մատակարարման ցանկություն են հայտնել մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Մաքսհուր»-ը և «Ֆլեշ»-ը: Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր» ընկերությունը, բայց Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածություն է ցուցաբերել, որ մրցույթին մասնակցի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ընկերությունը: Արդյունքում պայմանագիր է կնքվել «Ֆլեշ»-ի հետ, և բյուջեից հափշտակվել է կես միլիարդ դրամ:
Դիզելային վառելիք ձեռք բերելու նպատակով իրականացված պետական աջակցության ծրագրերով պետությունից խոշոր չափերով գումար վատնելու վերաբերյալ քրեական գործով մեղադրյալներ էին ներգրավված Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, վերջինիս տեղակալ Սամվել Գալստյանը, նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը և «Ֆլեշ» ՍՊԸ սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։
Ըստ մեղադրանքի՝ նշված անձինք մեղադրվում են պետական միջոցներից հափշտակություն և վատնում կատարելու մեջ՝ ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամի չափով։
Մեղադրյալներից երկուսը, սակայն, այս քրեական գործի քննության ընթացքում մահացան։ Մոտ մեկ ամիս առաջ մահացավ ամբաստանյալի կարգավիճակ ունեցող Սերգո Կարապետյանի նախկին տեղակալ Սամվել Գալստյանը, երեկ էլ ինքը՝ Սերգո Կարապետյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում