Մամուլ

Ինչո՞ւ Պուտինը Փաշինյանի հետ հանդիպեց հյուրանոցում

Ինչո՞ւ Պուտինը Փաշինյանի հետ հանդիպեց հյուրանոցում

168.am-ը գրում է․ Օրերս Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո կայացավ Փաշինյան-Պուտին հանդիպում:

Աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԴ նախագահի հետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց այն վայրում, որտեղ կազմակերպվել էր ՀԱՊԿ ղեկավարների նեղ ու ընդլայնված կազմերով նիստերը, «Դվին» հյուրանոցում:

Ի դեպ, ՀՀ ներկայիս իշխանությունների օրոք սա Պուտինի երկրորդ աշխատանքային այցն էր:

Առաջին այցը 2019-ի հոկտեմբերի 1-ին էր ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ 2019 թվականի այցի շրջանակում ևս Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղի էր ունեցել «Դվին» հյուրանոցում և ոչ ՀՀ կառավարությունում:

Հայ-ռուսական բարձրաստիճան շփումները և հատկապես Փաշինյան-Պուտին հարաբերությունների խնդրահարույց պատմությունը գտնվում է՝ ինչպես հանրության, այնպես էլ՝ փորձագիտական ու քաղաքական համայնքի ուշադրության կենտրոնում:

Ուստի անհնար է չնկատել նախ այն հանգամանքը, որ չնայած ՀՀ-ն դեռ համարվում է ՌԴ ռազմավարական դաշնակից, ՌԴ նախագահը ՀՀ չի այցելում աշխատանքային այցից բացի՝ այլ, ավելի բարձր մակարդակ ենթադրող այցով՝ պետական կամ պաշտոնական, որը նաև ընկալվում է՝ որպես հարգանքի դրսևորում գործընկեր երկրի ու այդ երկրի իշխանությունների հանդեպ:

Սակայն նույնիսկ նման ձևաչափի այցերի բացակայության դեպքում աչքի է զարնում այն հանգամանքը, թե որտեղ է հանդիպում Փաշինյանը Պուտինի հետ:

Նույնիսկ համացանցային հարթակներում է քննարկվում, թե ինչու Վլադիմիր Պուտինը չի այցելում ՀՀ կառավարություն, և հանդիպումը տեղի է ունենում հյուրանոցային սրահներում՝ երկկողմ բարձրաստիճան հարաբերությունների տեսանկյունից անհասկանալի ու անընկալելի մթնոլորտում:

168.am-ը ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից փորձեց պարզել, թե ինչո՞ւ հանդիպումը տեղի չունեցավ ՀՀ կառավարությունում:

Նա տեղեկացրեց, որ հանդիպումը եղել է ՀԱՊԿ շրջանակում, ուստի բոլոր միջոցառումները կազմակերպվել են նույն վայրում: Ըստ նրա, որևէ այլ պատճառ չկա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել