«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան մազերը ներկելու ու փիրսինգ անելու մասին
«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան մազերը ներկելու ու փիրսինգ անելու մասին
Tert.am Life-ը գրում է. Տիկտոկեր Մագա Հարությունյանը թեև մինչև հավելվածում գրանցվելը հասցրել էր նկարահանվել մի քանի նախագծում, լսարանին հայտնի դարձավ Տիկ-տոկի շնորհիվ: Նախկինում Մագան իր էջում, հիմնականում, հումորային տեսանյութեր էր տեղադրում, ուներ շուրջ 90.000 հետևորդ, հիմա նա փոխել է էջի կոնտենտը, հետևորդների թիվն էլ ավելացել է՝ դառնալով ավելի քան 271.000:
Tert.am Life-ի հետ զրույցում Մագան պատմել է կոնտենտը փոխելու պատճառի, Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու և փիրսինգ անելու, իր հասցեին վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին:
Մագայի խոսքով՝ հետևորդների թիվն աճել է, երբ սկսել է կոնտենտն ամերիկյան ոճով մատուցել, որը, իր կարծիքով, որակյալ է:
«Նախկինում տեսանյութերս, հիմնականում, հումորային բնույթի էին, դրանք նկարահանում էի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման հատվածների ձայներով: Եկավ մի պահ, երբ հասկացա՝ այդ ձևաչափն իրեն սպառել է, ինձ դուր են գալիս թրենդային ոճի տեսանյութեր, նաև ուզում էի մեծացնել լսարանս:
Հիմա հետևորդներիս մեծ մասը շարունակում են մնալ հայեր, բայց տեսանյութերս դիտում են նաև Ռուսաստանում, Վրաստանում և այլ երկրներում,- ասաց նա և հավելեց, որ արտասահմանյան ոճը ենթադրում է պարային թրենդներ, որոնք հասանելի են բոլորին,- Ինձ մոտ, կարծում եմ, ստացվել է արտասահմանյան ոճով տեսանյութեր նկարահանել: Նախկինում ուղղակի մեկ կադրով հումորային տեսանյութեր էի նկարահանում, հիմա անցումներ ստանալու համար բավականին ժամանակ եմ ծախսում»:
Մագան վերջին ամիսներին մի քանի ոճափոխություն է արել. նախ՝ մազերի մի հատված ներկել է կապույտով, հետո կանաչով, ապա վարդագույնով: «Տիկ-տոկի թրենդի համար մազերս ներկեցի և փիրսինգ արեցի:
Իրականում փիրսինգ անելու մասին նախկինում չէի մտածել, բայց ցանկանում էի մազերիս հետ կապված կտրուկ ոճափոխություն անել: Թրենդի բնույթն այն էր, որ պետք է հանձնարարություններ անես՝ փոխես մազերիդ գունը, փիրսինգ անես, նոր հագուստ, հեռախոս գնես և այլն: Ամեն տեսանյութում կատարում ես մի հանձնարարություն:
Մազերիս դիմացի հատվածի մի մասը սկզբում կապույտ էի ներկել, հետո այնքան հավանեցի այդ ձևը, որ ներկեցի այլ գույներով: Կարծում եմ՝ այսպես ավելի տարբերվող եմ: Զարմանում եմ այն մարդկանցից, որոնք իրենց իրավունք են վերապահում քննադատել, թե մազերս ինչ գույնով եմ ներկել կամ ինչու եմ քթի պլաստիկ վիրահատության դիմել: Այդպես եմ ճիշտ գտել, այդպես եմ արել, ոչ ոքի իմ արածը գնահատելու կամ թերագնահատելու իրավունք չեմ տվել, թող նայեն, լայքեն կամ ոչ»,- ասաց նա:
Ըստ տիկտոկերի, երբ Հայաստանում որևէ ոլորտում հաջողություններ ես ունենում, բոլորը սկսում են քեզ «հեյթ» անել: «Ովքեր քեզնից մի փոքր հետ են մնում, փորձում են քննադատել, ասել, որ սխալ ես, բայց ուզում եմ ասել՝ ապրեք ձեր կյանքով:
Մի անգամ ծխախոտ էի գովազդել, ինչը մեծ արձագանք ստացավ, բայց թող ամեն մեկն իր ու իր ընտանիքի անդամների մասին մտածի: Եթե նույնիսկ ծխախոտ եմ գովազդում, դա անում եմ հետաքրքրվող մարդկանց համար, նրանք, ամեն դեպքում, ծխող են:
Ասում են՝ երեխաներն են դիտում տեսանյութը, բայց երեխաներին ծխախոտ չեն վաճառում և հետո, իմ գովազդած ծխախոտը բավականին թանկ էր, եթե երեխան ունի դա գնելու հնարավորությունը, ուրեմն՝ ծնողի թերացումն է:
Ինքս էլ տանը փոքր քույր, եղբայր ունեմ, բայց գիտեմ, որ նման գովազդները նրանց վրա չեն անդրադառնա, որովհետև դաստիարակված են: Ես գումար եմ վաստակում, թող նրանք էլ ինձ վատ բաներ ասելու փոխարեն իրենց երեխաներին բացատրեն,ինչպես ես կարող եմ բացատրել քրոջս ու եղբորս: Այդ նույն երեխաների կողմից Տիկ-տոկում այնպիսի բաներ են կատարվում:
Շատ երեխաներ այնպիսի մեկնաբանություններ են գրում, որ զարմանում ես։ Նրանք իրենց ծնողների հայելին են: Միշտ ասում եմ՝ թող հետևորդներս 50.000-ով կրճատվեն, միայն թե ինձ երեխաներ չդիտեն, բայց խնդիրն իմ մեջ չէ, չեմ նկարահանում այնպիսի տեսանյութեր, որոնք կվնասեն երեխաներին: Նույն ծխախոտն այդ երեխաների տանը հայրիկը, պապիկը, շատ դեպքերում նաև մայրիկն են ծխում»,– ասաց նա։
Մագան շեշտեց, որ բացասական բնույթի մեկնաբանություններ է ստանում նաև տոպով կամ թափանցիկ հագուստով տեսանյութեր, լուսանկարներ տեղադրելիս:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում