Ինչո՞ւ է փոշմանել Շիրակի մարզպետի եղբայրը. նա որոշել է դուրս չգալ իշխող ՔՊ-ից. «Ժողովուրդ»
Ինչո՞ւ է փոշմանել Շիրակի մարզպետի եղբայրը. նա որոշել է դուրս չգալ իշխող ՔՊ-ից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, զղջացել ու որոշել է, այնուամենայիվ, դուրս չգալ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:
Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նազելի Բաղդասարյանը հաստատեց՝ ասելով. «Գիտեմ, որ այս պահին նա Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, բայց ճիշտ կլինի իր հետ խոսել: Ազգակցական կապ ունենք, ճիշտ է, բայց նրա քայլերի կամ որոշումների համար պատասխանատվություն չեմ կրում»:
Արման Բաղդասարյանը, հիշեցնենք, մոտ մեկ ամիս առաջ Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագրից» ու վայր դնում ավագանու մանդատը։ Փաստորեն, այժմ զղջացել է ու հեռացրել նախկին գրառումը:
Մանդատից էլ չի հրաժարվել, ավելին՝ մայիսի 11-ին, երբ Դիմադրության շարժման անդամները մեկնում էին Շիրակի մարզ, ի թիվս իշխանությանը սատարող ու զոհված զինծառայողների հարազատների (վերջիններս, համենայնդեպս, այդպես էին ներկայանում)՝ Հոռոմ գյուղի մոտակայքում նաև Արման Բաղդասարյանն է եղել՝ իշխանությանը, այսպես ասած, բարիդրացիության ժեստ անելով և հավելյալ հավատարմության երդում տալով:
Մեր տեղեկություններով՝ Բաղդասարյանի գրառումից որոշ ժամանակ անց քաղաքական իշխանությունները նրա քրոջը՝ Նազելի Բաղդասարյանի միջոցով են փորձել հարցեր պարզաբանել, հասկանալ, թե ինչու է մարզպետի եղբայրը, այսպես ասած, հարվածում մեջքից:
«Ոչ, իմ միջոցով որևէ բան չի եղել: Կարող եմ ասել՝ իր հետ կապված խնդիրները քննարկվել են ֆրակցիայի ղեկավարի հետ, ու բացի ազգակցական կապը, իր մյուս որոշումների մասով պատասխանատվություն չեմ կրում»,- մեզ հետ զրույցում նշեց մարզպետը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում