Մամուլ

Ինձ հայտնի չէ կոռուպցիայի մի դեպք, որը վերջին 4 ամսում բացահայտված լինի. «Հրապարակ»

Զրույց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանի հետ

– Պարոն Բագրատյան, կառավարության 100 օրվա կապակցությամբ գնահատականներ են հնչում, որ կոռուպցիայի դեմ լայն պայքար է ծավալվում, եւ կոռուպցիան երկրում վերացվում է։ Ինչպե՞ս եք գնահատում հակակոռուպցիոն պայքարը։

– Խոսքը կոռուպցիայի՞, կաշառակերությա՞ն, թե՞ օրինազանցությունների մասին է։ Կոռուպցիան այն է, երբ իշխանության ներկայացուցիչը հատուկ օրենքներ է ստեղծում, որոնց միջոցով սկսում են լափել պետական միջոցները, կամ շահ է ստեղծում իր համար։ Իսկ կաշառակերությունը՝ երբ որ բյուրոկրատը, չինովնիկը, պաշտոնյան փող է վերցնում՝ իր պարտականությունները կատարելու համար։ Այդ դեպքում մենք խոսում ենք բյուրոկրատի անազնվության մասին, որը պատժվում է օրենքով։ Մարդը վատ է ապրում, կաշառք է վերցնում, սա սոցիալական երեւույթ է։ Կոռուպցիան ստրուկտուրալ, համակարգային բնույթի խնդիր է։

– Վարչապետն ասաց, որ իր կառավարության կարեւոր ձեռքբերումը կոռուպցիայի դեմ պայքարն է։ Դուք ա՞յլ կարծիքի եք։

– Այսպես ասեմ՝ առայսօր անցել է համարյա 4 ամիս, ինձ հայտնի չէ կոռուպցիայի մի դեպք, որը բացահայտված է, եւ դրանով զբաղվել է իշխանությունը։ – Ինչպե՞ս։ Մանվել Գրիգորյանի, Վաչագան Ղազարյանի ձերբակալությունները, Հովիկ Աբրահամյանի եղբոր, մարզային սոցիալական գործակալություններում բացահայտումները, Սամվել Ալեքսանյանի ԱՁ-ների, «Երեւան» հիմնադրամի գործերը։

– Ձեր հիշատակած գործերից հնարավոր է կոռուպցիա լինի միայն «Երեւան» հիմնադրամի պարագայում, բայց այդ մասին ինձ ինֆորմացիա հայտնի չէ։

– Իսկ Մանվել Գրրգորյանի՞նը։

– Այնտեղ կա տուշոնկի եւ ապօրինի զենք պահելու գործ: Տուշոնկի գործը չի համապատասխանում կոռուպցիայի վերը նշված չափանիշին։ Ինչ վերաբերում է Վաչագան Ղազարյանին, մարդու մոտ փող են հայտնաբերել, եւ այդ փողի ապօրինությունը դատարանը դեռ պիտի ապացուցի։

– Պարոն Բագրատյան, բայց շատ հաղորդումներ եղան հարկեր չմուծելու, թերվճարումների մասին։

– Նախ՝ հարկ չվճարելն օրինազանցություն է, բայց կոռուպցիա չէ։ Ընդ որում՝ հարկերի չվճարումը մեր երկրում ապաքրեականացված արարք է։ Երկրորդ, մենք դեռ չունենք բյուջե բերված խոշոր հարկեր։ Ըստ ԱԱԾ պետի՝ իբրեւ բյուջե է բերվել նախկինից 41 մլրդ դրամ ավելի։ Նախկինում էլ այդ փողերը բերվում էին։ Խոսքն ընդամենը հարկային ապառքների մասի՞ն է։ Չգիտեմ, պաշտոնական տեղեկատվությունը սուղ է, ոչինչ չասող։

Առավել մանրամասը՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Կիսվել